Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն այցելել է Անկարա


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ժամանել է Թուրքիա։ Պետքարտուղարին Էսենբոգա միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Անկարայում Պետդեպարտամենտի ղեկավարը, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի (ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) հակամարտության ֆոնին, հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:

Ըստ Պետդեպարտամենտի կայքէջի՝ Բլինքենի նպատակները Թուրքիայում ներառում են Իսրայելում և Գազայում խաղաղ բնակիչների պաշտպանումը, Գազա մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտությունը և Գազայից բնակիչների բռնի տեղահանման անթույլատրելիությունը: Նշվում է, որ պետքարտուղարը «կքննարկի բռնությունը դադարեցնելու, հռետորաբանության աստիճանը նվազեցնելու արտակարգ մեխանիզմները», ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու պայմանները, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման հետ կապված հնարավորությունները:

Ըստ պետքարտուղարության, Անկարայում բանակցությունների այլ թեմաներն են՝ եվրատլանտյան անվտանգությունը, աջակցությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը, ներառյալ Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վավերացումը:

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը, տասնյակ ցուցարարներ հավաքվել էին հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներով։

Պետքարտուղարի ժամանումից առաջ, Թուրքիայի Արդանա քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր փորձում էին մուտք գործել ամերիկյան Ինջիրլիք ավիաբազա։ Պաղեստինամետ ցույցի մասնակիցները դեմ են արտահայտվել Իսրայելի կողմից Գազային հասցվող հարվածներին, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Իսրայելին հատկացվող աջակցությանը: Ըստ «Reuters»-ի՝ ցույցին աջակցել է Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության թուրքական հիմնադրամը (IHH): Ցուցարարների պահանջները նաև ներառում էին Ինջիրլիքի բազան փակելու կոչերը։

Անկարա կատարած այցը պետքարտուղարի մասշտաբային շրջագայության մի մասն է, որը ներառում է այցեր Մերձավոր Արևելք, Արևելյան և Հարավային Ասիայի երկրներ: Սկզբում հաղորդվում էր, որ նոյեմբերի 2-ից 10-ը շրջագայության ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը կայցելի Իսրայել, Հորդանան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ Բլինքենի նոր կանգառների մասին։

Նոյեմբերի 5-ին պետքարտուղարն այցելել է Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ Ռամալլահում բանակցություններ է վարել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այնուհետև Բլինքենն այցելել է Իրաք, որտեղ բանակցել է վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ: Նույն օրը նա կարճատև կանգ է առել Նիկոսիայի օդանավակայանում, որտեղ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ քննարկել է ծովային միջանցք ստեղծելու հնարավորությունը՝ կղզուց Գազայի հատվածին օգնություն փոխանցելու համար:

XS
SM
MD
LG