Մատչելի հղումներ

Ռուսաստանի հրեաները խորապես մտահոգված են Մախաչկալայի դեպքերից հետո


Հարյուրավոր մարդիկ էին կիրակի ներխուժել Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություներից՝ Դաղստանի մայրաքաղաքի՝ Մախաչկալայի միջազգային օդանավակայան
Հարյուրավոր մարդիկ էին կիրակի ներխուժել Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություներից՝ Դաղստանի մայրաքաղաքի՝ Մախաչկալայի միջազգային օդանավակայան

Իսրայելի և «Համասի» միջև հակամարտությունը՝ ՌԴ-ում հանգեցրել է հակասեմականության աճին, և Մախաչկալայի օդանավակայանի դեպքերն այդ երկրում հրեաների դեմ ուղղված՝ նախորդ տասնամյակների ամենից սուր գործողություններն են։ Դիտորդները նկատում են՝ տեղի ունեցածը վախի մթնոլորտ է ստեղծել ՌԴ-ի հրեական համայնքում

Հարյուրավոր մարդիկ էին կիրակի ներխուժել Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություներից՝ Դաղստանի մայրաքաղաքի՝ Մախաչկալայի միջազգային օդանավակայան՝ նպատակ ունենալով Թել Ավիվից ժամանած ուղևորների շարքում հայտնաբերել հրեաների։

Դիտորդների գնահատմամբ, տեղի ունեցածը հակասեմականության՝ նախորդ տասնամյակների ամենից ցցուն դրսևորում էր Ռուսաստանում: Նախագահ Վլադիմիր Պուտինը շտապեց մեղադրել արտաքին ուժերին․ «Անցած գիշեր Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները հրահրվել են նաև սոցցանցերի միջոցով, հատկապես՝ Ուկրաինայից, արևմտյան հատուկ ծառայությունների գործակալների ձեռքով»։

Կովկասում տարբեր ազգությունների միջև լարվածության աճը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Կրեմլի համար՝ կարծում են փորձագետները:

«Պետության համար ամենակարևորը քաղաքական կայունության պահպանումն է ու ցանկացած տեսակի բողոքի ցույցերից խուսափելը։ Նրանք՝ [Կրեմլը] մինչ այժմ լավ են կառավարել նման ճգնաժամերը, բայց անհնար է վստահ լինել՝ արդյո՞ք նույնը կկարողանան անել ապագայում»,- ասում է «SOVA» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին:

Ռուսաստանի հրեաների համար դաղստանյան իրադարձությունները հիշեցում են, որ Իսրայել-«Համաս» հակամարտությանը կարող է իր հետևանքները թողնել այլուր՝ անգամ մահմեդական մեծամասնություն չունեցող երկրներում:

«Մարդիկ, անկասկած, տուժում են իսրայելա-արաբական հակամարտության ու արմատական իսլամի տարածած հակահրեական տեսությունների պատճառով: Այդ երևույթին ականտես ենք լինում նաև [Ռուսաստանի] մնացած քաղաքներում, և դա դառնում է պոտենցիալ սպառնալիք: Իրական սպառնալիքի կարող ենք բախվել Ռուսաստանի խոշոր քաղաքներում»,- իր մտահոգությունը չի թաքցնում Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության նախագահ, ռաբբի Ալեքսանդր Բորոդան։

Ռուսաստանի հրեական համայնքում Կրեմլի նկատմամբ քննադատական մոտեցում ունեցողներից շատերը հեռացան երկրից՝ ուկրիանական պտերազմի բռնկումից հետո: Նրանց թվում էր Մոսկվայի նախկին գլխավոր ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը, ով այդ աթոռին էր գրեթե 30 տարի։

«Իրավիճակը Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, գնալով վատթարանում է և ավելի է վատթարանալու, հատկապես՝ հրեաների համար։ Ոչ բոլորն են կարող հեռանալ․ ոմանք տարեց ծնողներ ունեն, ոմանք՝ ուսում են ստանում։ Սակայն ով կարող է հեռանալ, թող հեռանա»,- ասում է ռաբբի Գոլդշմիդտը։

Մախաչկալայի օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, սակայն մերձավորարևելյան իրավիճակի հետագա սրացմանը զուգահեռ՝ աճում է մտավախությունը, որ դաղստանյան միջադեպը կարող է կրկնվել:

XS
SM
MD
LG