Մատչելի հղումներ

Թրամփը դատարանում է՝ իրեն պատկանող հսկայածավալ անշարժ գույքի գործով


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է ԶԼՄ-ների հետ Նյու Յորքում 2023 թվականի հոկտեմբերի 4-ին իր քաղաքացիական խարդախության դատավարության երրորդ օրվա ընթացքում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է ԶԼՄ-ների հետ Նյու Յորքում 2023 թվականի հոկտեմբերի 4-ին իր քաղաքացիական խարդախության դատավարության երրորդ օրվա ընթացքում

Թրամփը վերստին դատարանում է՝ այս անգամ 250 միլիոն դոլար գնահատված խարդախության գործով, ըստ որի նախկին նախագահը կեղծ տեղեկություններ է ներկայացրել իր անշարժ գույքի գնի վերաբերյալ։ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լեթիշյա Ջեյմսը հայց է ներկայացրել Թրամփի, նրա երկու չափահաս որդիների և նրա ընկերության դեմ։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերստին դատարանում է՝ այս անգամ պաշտպանելու իր հսկայածավալ անշարժ գույքը Նյու Յորք նահանգի հայցից։

250 միլիոն դոլար գնահատված խարդախության գործի շրջանակում նախկին նախագահը մեղադրվում է իր ունեցվածքը միլիարդավոր դոլարներով գերագնահատելու մեջ՝ բանկերից, ներդրողներից և այլ բիզնես-գործընկերներից ավելի բարենպաստ պայմաններով համաձայնագրեր ստանալու համար:

«Դոնալդ Թրամփը և մյուս մեղադրյալները շարունակաբար կանգնած են եղել խարդախությունների հետևում։ Պարզ բան եմ ասում՝ որքան էլ հզոր լինես, որքան էլ փող ունենաս, միևնույն է, օրենքից վեր չես»,- հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լեթիշյա Ջեյմսը։

Դատական հայցը վերաբերում է մի քանի գույքի, որոնք ենթադրաբար գերագնահատված են: Օրինակ, ըստ մեղադրանքի, Թրամփը Ուոլ Սթրիթ 40 հասցեում գտնվող գույքը՝ «Թրամփը բիլդինգը» գնահատել է ավելի քան 735 միլիոն դոլար, մինչդեռ պաշտոնական գնահատմամբ բազմահարկ շենքի գինը 550 միլիոն դոլար է․ տարբերույթյունը՝ գրեթե 200 միլիոն դոլար է:

Այլ օրինակ՝ Թրամփն իր Մար-ա-Լագոյի ունեցվածքը գնահատել է 739 միլիոն դոլար, ինչը, ըստ Նյու Յորքի գլխավոր դատախազի, ավելի քան 10 անգամ գերազանցում է դրա ողջամիտ գինը։
Թրամփը հերքում է մեղադրանքները։

«Սա «վհուկների որսի» շարունակությունն է: Բանկերը հետ են վերցրել իրենց գումարները. Երբեք դեֆոլտ չի եղել: Երբեք խնդիր չի եղել։ Ամեն ինչ կատարյալ էր։ Հանցագործություն չի եղել։ Իմ դեմ է հանցանք իրականացվում, քանզի կոռումպացված շրջանային դատախազ ունենք»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Նեամա Ռահմանին նախկին դաշնային դատախազ է:

«Մեղադրող կողմը պատրաստվում է ապացուցել Թրամփի մեղքը երկու ճանապարհով: Կփորձեն ցույց տալ, որ նա տեղյակ է եղել այս ամենից և միտումնավոր է գնացել նման քայլերի։ Երկրորդ ճանապարհը՝ հաշվարկը փորձագետների վրա կառուցելն է, ովքեր պատրաստ են վկայել, որ այս գույքի իրական արժեքը անգամ մոտ չէր Թրամփի և նրա փաստաբանների ու հաշվապահների ասածին»,- ասում է նախկին դաշնային դատախազ Նեամա Ռահմանին։

Ռահմանիի խոսքով նման դեպքերը հազվադեպ են:

«Որպես նախկին դաշնային դատախազ, կարող եմ ասել, որ անշարժ գույքը այդչափ թանկ ներկայացնելը սովորական երևույթ չէ: Հնարավոր է մարդիկ ուշադրություն չդարձնեն, մինչև որև բողոքի արդյունքում այս ամենը չհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց նրանք պետք է ապացուցեն, որ սա բանկի նկատմամբ խարդախություն է՝ ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային օրենքների համաձայն»,- հավելում է Ռահմանին։

Մինչ նախկին նախագահը պայքարում է իր անշարժ գույքի կայսրության համար, տակավին պարզ չէ, թե դատական տարաբնույթ քաշքշուկներն ինչի կհանգեցնեն Սպիտակ տուն տանող նրա ճանապարհին:

XS
SM
MD
LG