Մատչելի հղումներ

 
Արդյո՞ք Ռեյգանի հայացքները տակավին կարևոր են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների համար

Արդյո՞ք Ռեյգանի հայացքները տակավին կարևոր են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների համար


Նկարում պատկերված են նախագահի հանրապետական թեկնածուներ Նիքի Հեյլին, Մայք Փենսը, Վիվեկ Ռամասվամին և Ռոն ԴեՍանտիսը։
Նկարում պատկերված են նախագահի հանրապետական թեկնածուներ Նիքի Հեյլին, Մայք Փենսը, Վիվեկ Ռամասվամին և Ռոն ԴեՍանտիսը։

Չորեքշաբթի կայանալու է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների երկրորդ բանավեճը։ Վայրը, ուր հանդիպելու են թեկնածուները, վկայում է այն մասին, թե տակավին ինչ մեծ ազդեցություն են թողնում երկրի նախկին նախագահի՝ հանրապետական Ռոնալդ Ռեյգանի հայացքները պահպանողական կուսակցության վրա:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուներն երկրորդ անգամ հանդիպելու իրենց կողմնակիցներից շատերի համար հիրավի կարևոր վայրում՝ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում։ Ռեյգանը մի գործիչ էր, ով խորհրդանշում էր հանրապետականների պահպանողական թևը:

Նախքան Հանրապետական կուսակցությանն անդամակցելը՝ Ռոնալդ Ռեյգանը հայտնի դարձավ հանրությանը որպես դերասան և ազատական հայացքների տեր դեմոկրատ: Արդեն 1980-ական թվականներին՝ երկու ժամկետ զբաղեցնելով երկրի նախագահաի աթոռը, նա հանդես եկավ որպես պահպանողական արժեքների կրող՝ սահմանափակելով կառավարության միջամատությունը երկրի տնտեսությունում, սահմանելով ցածր հարկեր և ավելի շատ գումար հատկացնելով պաշտպանությանը:

Հայտնի լինելով մարդկանց հետ դյուրությամբ լեզու գտնելու իր վարպետությամբ՝ Ռեյգանի ուղիղ խոսքերից մի քանիսը, կարելի է ասել, փոխել են պատմությունը:

«Պարոն Գորբաչով, քանդեք այս պատը»։

«Ռեյգանը փոխարինել է Աբրահամ Լինքոլնին՝ որպես Ամերիկայի պատմության մեջ ամենահայտնի հանրապետականը»,- ասում է Ռեյգանի մասին գրքի հեղինակ Քրեյգ Շիրլին։

Քրեյգ Շիրլին աշխատել է Ռեյգանի թիմում՝ քարոզարշավի ընթացքում, և Սպիտակ տանը՝ նրա նախագահության օրոք։ Ռեյգանի մասին վեց գրքի հեղինակ է:

Ի՞նչ ազդեցություն ունի Ռոնալդ Ռեյգանի թողած ժառանգությունը նախընտրական բանավեճում։
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00

Նրա խոսքով, բանավեճի ընթացքում ներկայիս հանրապետական թեկնածուները, հավանաբար, կձգտեն համեմատվել Ռեյգանի հետ:

Նրանց թվում են Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին, կենսատեխնոլոգիաների ոլորտում հայտնի ներդրող Վիվեկ Ռամասվամին և նախկին փոխնախագահ Մայք Փենսը:

«Մայք Փենսը, անշուշտ, արտահայտում է Ռեյգանի դիրքորոշումները՝ որոշ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Նիքի Հեյլին, բայցև [Վիվեկ] Ռամասվամին»,- նշում է Շիրլին։

Բոլորը հիշում են՝ առաջին բանավեճի ժամանակ Ռամասվամին պնդեց, որ Չինաստանն ավելի լուրջ սպառնալիք է Միացյալ Նահագների համար, քան Ռուսաստանը: Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեյլին կասկածի տակ առավ Ռամասվամիի գիտելիքները արտաքին քաղաքականության ոլորտում: Ի դեպ, բանավեճերից մեկի ընթացքում Ռեյգանը, ով իր պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ պատմության ամենից տարեց նախագահն էր, ինչ-որ առումով անգամ հեգնեց իր մրցակցին՝ ակնարկելով նրա համեմատաբար երիտասարդ տարիքը:

«Չեմ պատրաստվում քաղաքական նպատակներից ելնելով կանգ առնել իմ ընդդիմախոսի երիտասարդության ու անփորձության վրա»,- ասել էր Ռեյգանը։

Ներկայում հանրապետականների առաջատար թեկնածու համարվող, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բաց կթողնի բանավեճը: Օգոստոսին՝ Հեյլին նրան անվանեց Ամերիկայի ամենաչսիրված քաղաքական գործիչը, իսկ Քրիստին ու Փենսը կոչ արեցին որակազրկել Թրամփին, որպեսզի նա չկարողանա մասնակցել գալիք նախագահական ընտրություններին։ Բայց, օինակ, Ռամասվամին Թրամփին անվանեց «21-րդ դարի լավագույն նախագահ»:

«Շատ համեստ մարդ էր, մարդամոտ, չէր պարծենում, ինչն այնքան էլ բնորոշ չէ ներկայիս հանրապետական գործիչներին»,- ասում է Ռեյգանի մասին գրքի հեղինակ Իվան Մորգանը։

Տակավին արդիական են Ռեյգանի հիշարժան հայտարարությունները։

«Դուք ավելի լավ վիճակո՞ւմ եք, քան չորս տարի առաջ»,- ասել էր Ռեյգանը։

Տասնամյակներ անց էլ նույն հարցն է նախագահական քարոզարշավի հիմնական կետը: Չորեքշաբթի երեկոյան նախագահի թեկնածուները կփորձեն համոզել ընտրողներին, որ կարող են Հանրապետական կուսակցությանը վերադարձնել Սպիտակ տուն։

XS
SM
MD
LG