Անցած շաբաթ ռուսական զինուժի թիրախում էին Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում սփռված էներգետիկ օբյեկտները:
Կիևում ԱՄՆ դեսպանատան համաձայն, Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի Կիևը կստանա մոտ 522 միլիոն դոլար՝ ուկրաինական էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար։
422 միլիոն դոլարը կուղղվի էներգետիկ համակարգին և ևս 100 միլիոնը՝ բարեփոխումների իրականացմանը:
Ըստ հաղորդագրության, նոր փաթեթը կօգնի Ուկրաինային վերակառուցել կարևոր ենթակառուցվածքները: Անցած ձմռանը ուկրաինական էլեկտրակայանների և տրանսֆորմատորների ուղղությամբ ռուսական ավիահարվածների հետևանքոով միլիոնավոր մարդիկ մնացին առանց էլեկտրականության:
Կիևում հավանական են համարում, որ գալիք ձմռանը ռուսական զինուժը կրկնելու է իր մարտավարությունը՝ գրոհները էներգեըիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Հուշագիրը նաև նպատակ ունի օգնել Ուկրաինային էներգետիկ ոլորտի բարեփոխումների հարցում, որի արդյունքում՝ Ռուսաստանի հետ պատերազմից հետո, անցում է կատարվելու Եվրամիության չափանիշների համաձայն գործող էներգետիկ համակարգ: