Կիրակի Ռուսաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Կրեմլը ընտրություններ էր կազմակերպել նաև բռնակցված ուկրաինական չորս նահանգներում։ Պաշտոնական Կիևն ու արևմտյան դաշնակիցները խստորեն դատապարտել են այդ «ընտրությունների» անցկացումը ուկրաինական տարածքներում՝ այն կոչելով «խարդախություն»: Ռուսական կողմի ներկայացմամբ, Կիևին սատարող տեղի ուժերը փորձել են դիվերսիաներ իրականացնել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով անցած շաբաթ Ուկրաինայում էր, «ABC»-ի հետ զրույցում հայտարարել է, որ տակավին որևէ նշան չկա, թե նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ ունի բովանդակալից բանակցությունների միջոցով վերջ տալ պատերազմին․ «Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, բայց այն պետք է ավարտվի արդար և երկարատև պայմաններով, որոնք արտացոլելու են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Ռուսաստանն Ուկրաինա ներխուժեց անցած տարվա փետրվարին։
Բլինքենն ուշադրություն է հրավիրել այն լրջագույն խնդիրներին, որոնց բախվել է Ուկրաինայի խաղաղ բնակչությունը՝ ռուսական ագրեսիայի պատճառով։
Հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստվում է հեռահար հրթիռներ մատակարարել Կիևին, որոնց միջոցով ուկրաինական բանակը կարող է խոցել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները, ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է․ «Հարցը ոչ միայն ինքնին սպառազինությունն է, այլև… ուկրաինացիների պատրաստվածությունը: Արդյո՞ք կարող են գործածել այն, կարո՞ղ են այն արդյունավետ օգտագործել՝ որպես իրենց ռազմավարության մաս: Ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ: Թիրախներ ընտրելն իրենց որոշումն է, ոչ թե մերը»:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անցած շաբաթ խոսեց Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցության մասին․ «Նրանք՝ [ԱՄՆ-ն] մտադիր են Կիևին ավելի շատ օգնություն հատկացնել, քանի դրա կարիքը կա: Այսինքն, մտադիր են Ուկրաինային աջակցել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և, փաստորեն, այդ երկիրը պահել պատերազմական վիճակում, շարունակել այս պատերազմը մինչև վերջին ուկրաինացին՝ կանգ չառնելով որևէ ծախսի առջև։ Մենք այդպես ենք ընկալում: [Բայց] դա չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «բացարձակ հաջողություն» է անվանել Նյու Դելիում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովում իր վարած բանակցությունների արդյունքները: Մեծ քսանյակի եզրափակիչ հայտարարությունում Ռուսաստանը նշված չէ որպես ագրեսոր երկիր։
«ABC»-ի հետ զրույցում Էնթոնի Բլինքենն անդրադարձել է հարցին․ «Երկրները զգում են [պատերազմի] հետևանքները և ցանկանում են, որ ռուսական ագրեսիան դադարեցվի։ Կարծում եմ, հայտարարությունը արտացոլում է այն ուժեղ աջակցությունը, որ Մեծ քսանյակի գրեթե բոլոր երկրներն ցուցաբերում են Ուկրաինային»:
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը նաև խոսել է պարենի միջազգային շուկայում խորացող խնդիրների մասին, որոնք ուկրաինական նավահանգիստները շրջափակած ռուսական ուժերի գործողությունների հետևանք են։ Նախորդ շաբաթվա ավարտին Կրեմլը կրկնեց՝ սևծովյան հացահատիկային գործարքը վերսկսելու իր պայմանները նույնն են: