Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի զեկույցում չի բացառվում, որ սկանդինավյան այդ երկիրը կարող է ենթարկվել ռուսական ռազմական ներխուժմանը՝ հունիսի 18-ին հաղորդել է շվեդական «SVT» հանրային հեռարձակողը:
Շվեդիայի նպատակն, անշուշտ, իր պաշտպանության ամրապնդումն է։ Ստոկհոլմը դիմել է ՆԱՏՕ-ի անդամակցությանը 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Թուրքիան ու Հունգարիան են, որ տակավին չեն վավերացրել ալյանսին անդամակցելու Շվեդիայի հայտը։
Ինչևէ, ըստ զեկույցի, թեև ռուսական ցամաքային ուժերը «խրվախ են» Ուկրաինայում, սակայն պետք չէ բացառել ռազմական հարձակումները Շվեդիայի ուղղությամբ՝ զիուժի այլ տեսակների կիրառմամբ:
«Ռուսաստանը մեծացրել է ռազմուժի կիրառման հավանականությունը և ցուցաբերում է քաղաքական ու ռազմական ռիսկերի դիմելու բարձր հակվածություն։ Շվեդիայի դեմ օդային, ծովային, հեռահար կամ միջուկային գործողություններ իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունները մնում են անփոփոխ»:
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձագանքել «Reuters»-ի հարցերին։
Ըստ «SVT»-ի, զեկույցը, փաստորեն, ուրվագծում է Շվեդիայի պաշտպանության նոր հայեցակարգը՝ հիմքում անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Նախկինում Ստոկհոլմի պաշտպանական հայեցկարգում առանցքայինը համագործակցությունն էր սկանդինավյան երկրների և ԵՄ-ի հետ:
Արևմտյան երկրների մեծամասնության նման Շվեդիան կրճատել էր իր պաշտպանական ծախսերը Սառը պատերազմի ավարտից հետո, բայց այժմ ավելացրել է ռազմական բյուջեն և նպատակ ունի 2026 թվականին հասնել պաշտպանությանը հատկացվող ՆԱՏՕ-ում ընդունված ծախսերի մակարդակին՝ ՀՆԱ-ի 2%-ին: