Մատչելի հղումներ

Ռուսական ուժերի տեղակայումը եւ Արեւմուտքում անհանգստությունը


Ռիգայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է անցկացնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը

տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զրահատեխնիկա է կուտակում Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Բլինքենն այս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից ցանկացած էսկալացիոն գործողություն մեծ անհանգստություն կառաջացներ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Լատվիայի համար, և ցանկացած նոր ագրեսիա կհանգեցնի լուրջ հետևանքների»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Արեւմուտքի մտահոգություններին ի պատասխան, հայտարարում է, որ Ռուսաստանը, զորքեր կուտակելով, չի իրականացնում ներխուժում:

«Արեւմուտքն այս մասին խոսում էր, երբ զորքեր էին կուտակվում Ուկրաինայի սահմանին դեռեւս տարվա սկզբին: Բայց, ինչպես տեսնում եք, ներխուժում տեղի չունեցավ», ասել է Պուտինը:

Գերմանական Մարշալի հիմնադրամից Մայքլ Քիմաժն այս պահի համար կարեւորում է դիվանագիտության դերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը:

«Այն, ինչի մասին մենք խոսում ենք, ունի եվրոպական հողի վրա լայնածավալ պատերազմ սկսելու հնարավորություն: Կարծում եմ, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրական պատերազմ սկսվի, դրա մեջ կներքաշվեն նաեւ Լեհաստանը, Լիտվան և բալթյան հանրապետությունները», ասում է վերլուծաբանը:

Ինչպես Carnegie Europe վերլուծական կենտրոնի աշխակատիկցներից Ջուդի Դեմփսին է ասում, բարձր մակարդակի դիվանագիտությունն ավելի շատ խոստումներ է տալիս, քան պատժամիջոցները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է դեկտեմբերին հեռավար բանակցություններ վարել Պուտինի հետ։

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ Ռուսաստանի հասարակությունը կցանկանար, որ երկիրը մտներ պատերազմի մեջ», ասում է նա:

Դեմփսին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է, որ Պուտինը հաճախ է կիրառում լարվածություն առաջ բերելու արհեստական արտաքին քաղաքականություն, ինչի գլխավոր նպատակը Ռուսաստանի ժողովրդին ներքին խնդիրներից շեղելն է, խնդիրներ, որոնց շարքին է ավելացել COVID-19 վարակի արագ տարածումը եւ այստեղ մահացությունների բարձր ցուցանիշը:

XS
SM
MD
LG