Մատչելի հղումներ

Պուտինյան «տնտեսագիտություն»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Փորձագետները քննարկում են Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահի ելույթի տնտեսական հատվածը։

Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթի հիմնական մասը ամենևին էլ տնտեսության մասին չէր։ Փոխարենը, նա անդրադարձավ այլ թեմաների, որոնք լայն տարածում ստացան լրատվամիջոցներում։

Սակայն Պուտինի անգամ կարճ խոսքը երկրի տնտեսության վերաբերյալ չէր կարող աննկատ անցնել փորձագետների համար։

Օրինակ, Կրեմլի ղեկավարը ռուբլու հերթական կտրուկ արժեզրկումը նախևառաջ բացատրեց ռուսաստանցի խոշորագույն արտահանողների պահվածքով, որոնք հրաժարվել են արտարժութային եկամուտները վերադարձնել երկիր։ Պուտինի խոսքով, արտահանողների նման քայլը «ինքնուրույն նախաձեռնություն» է, և նախազգուշացրել է՝ ռուսաստանցիների կարողությունները Արևմուտքում կարող են բռնագրավվել, իսկ Ռուսաստանում դրանք «անվտանգ են»։

Ինչպիսի՞ն է Պուտինյան «տնտեսագիտությունը». տնտեսական ֆորումի հետքերով
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

Վլադիմիր Պուտինը նաև խոսել է ներմուծումից՝ դրա ծավալների վերականգնումը բացատրելով նոր «լոգիստիկ շղթաների սահուն գործարկմամբ»։

Այս ամենի ֆոնին՝ Կրեմլի ղեկավարը պարզապես լռել է գլխավորի մասին՝ ռուսական բնական գազի արտահանման ծավալների զգալի անկման և Պեկինին ու Դելիին լուրջ զեղչերով նավթ վաճառելու մասին: Այսօր՝ ռուսաստանյան ընկերություններին պատկանող ավելի քան 40 միլիարդ դոլարին համարժեք ռուփին փաստացի սառեցված վիճակում է Հնդկաստանում։

Պուտինը գերադասեց չխոսել նաև Ուկրաինայի դեմ պատերազմի տնտեսական կործանարար հետևանքների, Արևմուտքի կիրառած պատժամիջոցների ազդեցության, դոլարից հրաժարվելու քաղաքականության ձախողման և բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնք մռայլ հեռանկար են խոստանում Ռուսաստանի տնտեսությանը:

«Yermak-McFaul» միջազգային փորձագիտական խմբի՝ երեքշաբթի հրապարակած գնահատականի համաձայն, արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսաստանյան տնտեսությունը ամսական կորցնում է 5-7 միլիարդ դոլար։ Խումբը մշակում է առաջարկություններ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։

Ըստ այս տարվա հունվարին հրապարակված Եվրամիության զեկույցի, միայն նավթային էմբարգոյի պատճառով Ռուսաստանն օրական կորցբում է մոտ 160 միլիոն եվրո։

Տնտեսական վերլուծաբան Սեմյոն Նովոպրուդսկիի կարծիքով, Պուտինի խոսքերն, անշուշտ, հիմնականում ուղղված են ներքին լսարանին․ «[Նման տնտեսական համաժողովներն] անհրաժեշտ են՝ աշխարհում Ռուսաստանի կարևորության մասին կարծիք ձևավորելու համար։ Իրականում, նախագահին վաղուց չի մտահոգում, թե երկրի ներսում ինչ են մտածում մարդիկ։ Լուրջ տնտեսագետները որևէ բառ չեն ասի, նույնիսկ եթե նա բացարձակ անհեթեթություն դուրս տա»։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Նովոպրուդսկին շարունակում է․ «Ռուսաստանի բոլոր խնդիրների հիմքը ռուսական կառավարության անպատժելիությունն է և կայսերապաշտությունը։ Ուկրաինայի դեմ պատերազմն այս անպատժելիության ցուցիչն է։ Ինչ վերաբերում է ռուբլու աննախանձելի վիճակին, ապա այն մեծապես ձեռնտու է Ռուսաստանի իշխանություններին, քանի որ թույլ է տալիս կրճատել բյուջեի դեֆիցիտը՝ ավելացնելով եկամուտները։ Այնպես որ, էժան ռուբլին շատ ձեռնատու է»։

Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում՝ փաստորեն, Պուտինի տրամաբանությամբ՝ ռուսաստանյան բիզնեսը պետք է գործի միայն Ռուսաստանում, և երկրից կապիտալ չարտահանի․ «Նա «մոռացավ» նշել, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական բիզնեսի մի մասն ամեն կերպ փորձում է տեղափոխվել Էմիրություններ, կամ նախկին խորհրդային հանրապետություններ։ Ձեռնարկատերերի մի մասը ստիպված է աշխատել միայն Ռուսաստանում՝ հույս ունենալով, որ իրենց չեն ունեզրկի։ Թեև վաղուց պարզ է, որ Պուտինն ու նրա ուժայինները դյուրությամբ կարող են ցանկացած ձեռնարկատերից խլել ընկերությունը, կամ նրան բանտ նստեցնել»:

Տնտեսագետ Սերգեյ Ժավորոնկովի ներկայացմամբ, համաժողովին Պուտինն՝ իր սովորական ոճով հանդես եկավ հանգստացնող հայտարարություններով, որոնց փոքր մասն էր համապատասխանում իրականությանը․ «Ինչպես ցանկացած արժույթի պարագայում, ռուբլու փոխարժեքի վրա առաջին հերթին ազդում է երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ վիճակը»։

«Բացի այն, որ Ռուսաստանը ցածր գնով է վաճառում էներգակիրները, դրանք վաճառում է նաև դժվար փոխարկելի ռուփիով։ Սա նույնպես բացասաբար է անդրադառնում ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա։ Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ պետբյուջեի դեֆիցիտի պայմաններում՝ Ռուսաստանի իշխանություններն իրենք են շահագրգռված ռուբլու արժեզրկմամբ։ Իհարկե, նրանց խուճապ հարկավոր չէ, բայց ռուբլու սահուն արժեզրկումը ձեռնտու է»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց տնտեսագետը։

Ժավորոնկովի խոսքով, ինչ վերաբերում է արտարժութային եկամուտները արտերկրում թողնելուն, այն երկրորդական գործոն է․ «Ի դեպ, նման կերպ վարվող ամենախոշոր ընկերությունները պետական ձեռնարկություններն են՝ «Газпром», «Роснефть», «Газпром нефть» և այլն։ Այնպես որ, Պուտինը այստեղ կարող էր բողոքել ոչ թե վերացական բիզնեսից, այլ իր նշանակածներից»։

XS
SM
MD
LG