Պաշտոնական կայքում երեկ հրապարակած հայտարարությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փորձագետները նշել են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սարսափելի ճգնաժամի։ Սննդամթերքի, դեղորայքի պակասը վտանգել է մարդկանց՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց ու հիվանդների կյանքը, գրել են փորձագետները՝ Ադրբեջանին հիշեցնելով ստանձնած միջազգային պարտավորությունների մասին. - «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը»:
Փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, իսկ ռուս խաղաղապահներին՝ պաշտպանել միջանցքը նույն համաձայնագրին համապատասխան։
«Վերացնելով շրջափակումը, [Ադրբեջանի] իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը: Այս կրիտիկական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը», - նշել են փորձագետները:
Նրանք նաև կոչ են արել այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։
Ադրբեջանական ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ ՄԱԿ-ը ենթարկվել է Հայաստանի մանիպուլյացիաներին և հանդես է գալիս կողմնակալ հայտարարություններով: Ըստ պաշտոնական Բաքվի՝ Լաչինում տեղադրված անցակետը գտնվում է իրենց «ինքնիշխան տարածքում»՝ «սեփական սահմանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու և Հայաստանի անօրինական գործողությունները կանխելու համար»։ Կրկին հիշեցնելով Աղդամով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու իր առաջարկը՝ Ադրբեջանը հայտարարել է, թե «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շանտաժ և շահարկում:
Հիշեցնենք նաև, որ այսօր օգոստոսի 8-ին 11 օրյա դադարից հետո Կարմիր խաչի միջնորդությամբ 11 ծանր հիվանդներ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան: Բացի այդ, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է, որ Կարմիր խաչի մեքենաներով Լեռնային Ղարաբաղ կվերադառնան 9 հիվանդներ իրենց ուղեկցողների հետ միասին։