Մատչելի հղումներ

Համաշխարհային պարենային անվտանգությանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ֆրանսիան և Շվեյցարիան անդրադարձել են Լաչինի միջանցքին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` համաշխարհային պարենային անվտանգության մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` համաշխարհային պարենային անվտանգության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմի ազդեցությանը համաշխարհային պարենային անվտանգության վրա:

Ռուսաստանը թիրախավորել է Ուկրաինայի նավահանգիստներն ու պահեստարանները, որոնք անհրաժեշտ են հացահատիկի արտահանման համար:

Հրթիռային հարվածները հետևեցին Մոսկվայի՝ անցած ամիս արված քայլին՝ դուրս գալ սևծովյան հացահատիկային գործարքից, որի միջոցով Կիևը հացահատիկ էր արտահանում համաշխարհային շուկա:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հինգշաբթի նախագահում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր պարենային անվտանգությանը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության է ենթարկել Մոսկվային․ ուկրաինական բեռնատարներն այլևս անկարող են հացահատիկը տեղափոխել նավեր․ «Այս խորհրդի յուրաքանչյուր անդամ, ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է դիմի Մոսկվային: Բավակա՛ն է, Սև ծովն օգտագործել որպես շանտաժի միջոց։ Բավակա՛ն է, աշխարհի ամենախոցելի մարդկանց վերաբերվել որպես լծակ: Բավակա՛ն է, այս չարդարացված, անխիղճ պատերազմը շարունակել»։

Միջազգային փրկարար կոմիտեի նախագահ Դեյվիդ Միլիբենդն Անվտանգության խորհրդում ասել է՝ առկա է փոխհամաձայնություն, որ այսօր համաշխարհային պարենային անվտանգության առջև ծառացած հիմնական խնդիրն ուկրաինական պատերազմն է, և պարենի հարցը ավելի է սրվել կլիմայական փոփոխությունների պատճառով․ «Գիտենք այդ երկրների մասին․ յուրաքանչյուր վերլուծություն բացահայտում է ցանկը՝ Սոմալի, Աֆղանստան, Եմեն, Նիգերիա, Հարավային Սուդան, Սուդան, Բուրկինա Ֆասո, Մալի, Հաիթի: Գնահատականները միանշանակ են, և վերլուծությունն ի ցույց է դնում սարսափելի վիճակը»։

Բլինքենը հայտարարել է, որ հինգ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, ըստ որի խաղաղ բնակչությանը միտումնավոր սովի ենթարկելը կարող է ռազմական հանցագործություն հանդիսանալ․ «Մոտ 90 երկրներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, արդեն ստորագրել են նոր, համատեղ կոմյունիկեն, որը մշակել ու տարածել ենք՝ պարտավորվելով վերջ տալ սովին և սննդամթերքը որպես զենք օտագործելուն: Սովը չպետք է օգտագործվի [որպես լծակ]: Կոչ եմ անում [ՄԱԿ-ի] անդամ բոլոր երկրներին միանալ այս կոմյունիկեին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած ամիս հյուրընկալեց աֆրիկյան երկրների ղեկավարներին։ Մայրցամաքի մտահոգության առարկան ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքից Մոսկվայի դուրս գալն է: Կրեմլը փորձեց փարատել աֆրիկացիների անհանգստությունը՝ հայտարարելով, թե հասկանում է նրանց մտավախությունը և պատրաստ է անվճար հացահատիկ արտահանել աֆրիկյան երկրներ:

ՄԱԿ-ի փորձագետների ներկայացմամբ, խնդիրը ոչ թե բավարար քանակի սննդամթերք չլինելու մեջ է, այլ այն, որ ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր չէ այն տեղ հասցնել:

Նիստին անդրադարձ արվեց նաև Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն իր խոսքում ընդգծել է, որ անգործության գինը շատ բարձր է, և որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակի խորացումը ու սովի տարածման ռիսկը պահանջում են միջազգային հանրության պատշաճ և արդյունավետ արձագանք՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ամբողջական, առանց նախապայմանների իրականացնումը, միջազգային մարդասիրական օրենքների հարգումը:

Իր հերթին՝ Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը ընդգծել է, որ խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա, և կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության մատակարարման բոլոր խոչընդոտները։ Շվեյցարիայի ներկայացուցիչը նշել է, որ Լաչինի միջանցքով մարդասիրական առաքելություն իրականացնելիս՝ խոչընդոտների է բախվում անգամ Կարմիր խաչի միջացգային կոմիտեն՝ հորդորելով քայլեր ձեռնարկել պարենի մարդասիրական մատակարարումներն ապահովելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG