Մատչելի հղումներ

ՄԱԿ. Կախովկա հիդրոէլեկտրակայանում տեղադրված ականները կարող են հասնել Սև ծովի լողափերին


ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավար Փոլ Հեսլոպի խոսքերով, PMF-1-ի (թիթեռային ականները) Դնեպրով կարող են զգալի տարածություն անցնել:

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի տարածքում դրված և այնուհետև ջրհեղեղի պատճառով տեղաշարժված ականները կարող են Դնեպրով հասնել մինչև Սև ծովի լողափեր:

Այս մասին Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Ականազերծման ծառայության (UNMAS) ղեկավար Փոլ Հեսլոպը։ PMF-1 այսպես կոչված «թիթեռային ականները» բավականաչափ թեթև են հոսանքն ի վար երկար տարածություններով շարժվելու համար, նշել է նա:

«Ես չեմ զարմանա, եթե տեսնեմ, որ դրանք կա՛մ արդեն հասել են ծովին, կա՛մ կհասնեն առաջիկա ամիսներին»,- հավելել է նա։

Նա պարզաբանել է, որ հակատանկային ականները, որոնք ավելի ծանր են, քան հակահետևակային ականները, չեն կարող երկար ճանապարհ անցնել:

«Ցավոք, մենք ականատես ենք եղել, թե ինչպես են հակահետևակային ականները նետվում Սև ծովի լողափերին», - հայտնել է Հեսլոպը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ռուսաստանի կողմից օկուպացված Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունը հանգեցրել է հեղեղումների Ուկրաինայի հարավում և Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի շրջանի տարածքներում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, ավերվել են տներ և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ուկրաինայի բնապահպանության նախարարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ամբարտակի փլուզումը 1,2 միլիարդ եվրոյի վնաս է հասցրել:

XS
SM
MD
LG