Մատչելի հղումներ

Աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային` 110 միլիոնի. ՄԱԿ


Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համաձայն, աշխարհում բռնի տեղահանված մարդկանց թիվը հասել է աննախադեպ՝ մոտ 110 միլիոնի:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երկուշաբթի Ժնևում լրագրողներին ասել է, որ 2022 թվականի վերջի դրությամբ 108,4 միլիոն հոգի տեղահանվել էր պատերազմի, հալածանքների կամ մարդու իրավունքների ոտնահարումների հետևանքով։ Այս թիվը նախորդ ցուցանիշը գերազանցում է 19 միլիոնով:

Ըստ Գրանդիի, ռեկորդային աճի հիմնական պատճառը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն է Ուկրաինա, որը, ինչպես հայտնի է, սկսվեց 2022 թվականի փետրվարին։

Բռնի տեղահանվածների թվի աճի հաջորդ պատճառը Սուդանում մոտ ութ շաբաթ տևած հակամարտությունն էր, ինչի հետևանքով շուրջ 2 միլիոն մարդ թողեց իր տունը:

«Ընդամենը մի քանի տարի առաջ, կամ, գուցե, անցած տարի հայտարարեցինք, որ առաջին անգամ [բռնի տեղահանվածների թիվն] անցել է 100 միլիոնը։ Այդ ցուցանիշն արդեն աճել է 10 տոկոսով»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ աշխարհում բռնի տեղահանվածների թիվը ռեկորդային է
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

Այս թվերը հրապարակվել են ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատարի՝ աշխարհում բռնի տեղահանվածների մասին տարեկան զեկույցում:

Գրանդին նշել է, որ տեղահանվածներից ավելի քան 35 միլիոնը միջպետական սահման է հատել, 62 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ են: Նրա խոսքով, քաղաքացիություն չունեցող կամ անորոշ կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը 2022 թվականին հասել է 4,4 միլիոնի: Ըստ զեկույցի, Հայաստանում նման կարգավիճակով անձանց թիվը 870 է, Ադրբեջանում՝ 3585, Վրաստանում ՝ 530:

Ֆիլիպո Գրանդիի փոխանցմամբ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն են ավելի շատ ընդունում տեղահանվածներին, քան հարուստ պետությունները: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի, փախստականների և ապաստան հայցողների ընդունման հարցում շատ երկրներում նկատվում է «աճող հակազդեցություն»։ Միաժամանակ, Գրանդին ողջունել է անցած շաբաթ Եվրամիության 27 անդամների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ միգրանտների և փախստականների հարցում պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG