Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ակնկալում է արդյունավետ հանդիպում Քիշնևում, իսկ Երևանը կոչ է անում Վաշինգտոնին համարժեք արձագանքել հայտարարություններին


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարությոնը տարածել է հայտարարություն, ուր գնահատել է վարչապետ Փաշինյանի հանձնառությունը խաղաղությանը, և ողջունել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում դիտարկելու մասին։ Երևանը կոչ է անում Վաշինգտոնին համարժեք արձագանքել Բաքվի հայտարարություններին

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը մայիսի 30-ին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի շուրջ՝ շեշտելով, որ պաշտոնական Վաշինգտոնն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Ըստ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ-ն գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։ Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, հնարավոր է հասնել խաղաղության Հարավային Կովկասում։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հանձնառությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները (ԼՂ հարցում) համաներում դիտարկելու մասին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ , այլ ոչ բռնության միջոցով կարգավորելու համար։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:

Բացի այդ, Մեթյու Միլլերը, թվիթերյան գրառմամբ անդրադառնալով բանակցայն գործընթացին, նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը տեսանելի է, և մենք հուսով ենք, որ այս շաբաթ Մոլդովայում բանակցությունները կօգնեն հասնել այդ նպատակին: Ագրեսիվ հռետորաբանությունը պատկանում է անցյալին: Միայն երկխոսությունն ու հաշտությունը կբերեն խաղաղություն», գրել է պետքարտուղարության նեկայացուցիչը:

Ավելի ուշ, մայիսի 31-ին Երևանն արձագանքել է Վաշինգտոնի այս հայտարարությանը: ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։

Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները», ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG