Մատչելի հղումներ

Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում ազդարարել են առաջընթացի մասին, բայց բանավիճել Պուտինի ներկայությամբ` ԵԱՏՄ գագաթնաժողովին


Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որին Հայաստանի համաձայնությամբ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ - խմբ.), Երևանն ու Բաքուն ազդարարեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ առաջընթացի մասին:

Հինգշաբթի` մայիսի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավականին լավ շարժվում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ հնարավորություն կա հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

Գագաթնաժողովը, սակայն, չանցավ առանց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վիճաբանության։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած նիստի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին, որն ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի շուրջ նրանց մոտ առկա տարաձայնությունները՝ նշում է Reuters լրատվական գործակալությունը:

Մոսկովյան հանդիպմանը Հայաստանի վարչապետը բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը՝ մեղադրելով Ադրբեջանին այնտեղ անցակետ տեղադրելու ու նախկին համաձայնությունները խախտելու մեջ։

«Ադրբեջանը, ցավոք, փակել է այս միջանցքը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակադարձել է. «Ադրբեջանը ոչ մի միջանցք չի փակել... Կարիք չկա օգտագործել այս հարթակը անհիմն մեղադրանքների համար»։

Երկու առաջնորդները շարունակել են վիճաբանել մի քանի րոպե, մինչ Ռուսաստանի նախագահը փակել է զրույցը՝ նշելով, որ թեման զգայուն է և հավելել, թե բոլոր հարցերը կքննարկվեն ավելի ուշ՝ եռակողմ բանակցությունների ընթացքում։

«Ինչպես պայմանավորվել ենք, այժմ մենք հնարավորություն կունենանք ամեն ինչի մասին հանգիստ խոսել՝ գործնական ձևով, եռակողմ ձևաչափով, և հույս ունեմ, որ կհասնենք որոշ պայմանավորվածությունների, որոնք՝ իրավիճակը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլև [ողջ] տարածաշրջանում կտեղափոխեն կառուցողական զարգացումների հուն»,- ասել է Պուտինը և հավելել. «Կարող եմ վստահեցնել, որ այստեղ բոլորը շահագրգռված են [այդ հարցում], բացարձակապես բոլորը»։

XS
SM
MD
LG