Սպիտակ տունը հայտարարել է, թե հետաքննում է չորեքշաբթի ուշ երեկոյան անօդաչուի ենթադրյալ հարձակումը Կրեմլի վրա, որը, Մոսկվայի պնդմամբ, Ուկրաինայի անհաջող փորձն էր՝ մահափորձ իրականացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
«Մի բան կարող եմ հստակ ասել՝ հակառակ պարոն Պեսկովի սուտ պնդումների՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ ներգրավված չէ այս միջադեպին: Նրանք պարզապես ստում են»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի՝ ավելի վաղ մեղադրել էր Կիևին և Վաշինգտոնին՝ չներկայացնելով, սակայն, որևէ ապացույց, ըստ որի հարձակման հետևում կանգնած են Ուկրաինան կամ Միացյալ Նահանգները։
«Ինչպես Կիևի, այնպես էլ Վաշինգտոնի կողմից այն ժխտելու փորձերը, իհարկե, շատ ծիծաղելի են: Շատ լավ գիտենք, որ նման գործողությունների, ահաբեկչությունների վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում: Եվ Կիևը անում է այն, ինչ իրեն ասում են»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի Հաագայի միջազգային դատարանում կոչ է արել հետաքննություն սկսել Պուտինի իրականացրած ռազմական հանցագործությունների առնչությամբ։ Իսկ նախօրեին արձագանքել էր, թե Ուկրաինայի ուշադրության կենտրոնում ռուսական հարձակումները հետ մղելն է, ոչ թե Կրեմլին հարվածելը:
«Մենք չենք հարձակվել Պուտինի կամ Մոսկվայի վրա: Մենք կռվում ենք մեր տարածքում, պաշտպանում ենք մեր գյուղերն ու քաղաքները: Մենք նման հարձակման համար բավականաչափ զենք չունենք»,- նշել էր Զելենսկին:
Բրյուսելում՝ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը նախազգուշացրել է Մոսկվային․ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չօգտագործել այս ենթադրյալ հարձակումը որպես պատրվակ՝ պատերազմը սրելու համար: Ահա, թե ինչն է մեզ անհանգստացնում»:
Իր հերթին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ բոլոր կողմերը «պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը»:
Չինաստանը, սակայն, ցայսօր կոչ չի արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը չորեքշաբթի օրն ասել է, թե ԱՄՆ-ը կողջունի որևէ երկրի նախաձեռնություն՝ ուղղված արդար և կայուն խաղաղությանը:
«Դրա համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ: Նախ, հստակ գիտակցում, որ այս դեպքում կա զոհ և կա ագրեսոր: [Հետևաբար,] երկու կողմերը չեն կարող բարոյական նույն հարթության վրա գտնվել: Մինչև վերջերս անհասկանալի էր՝ արդյո՞ք Չինաստանն ընդունում է այս հիմնական սկզբունքը։ Դեռևս վստահ չեմ, որ նրանք դա անում են, բայց նախագահ Սին առնվազն զրուցել է նախագահ Զելենսկու հետ»,- ասել է Բլինքենը:
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի փորձագետ Ալեքս Քրոութերը վստահ է՝ Կրեմլի նկատմամբ հարձակումը պուտինյան ռեժիմի սադրանքն է՝ սրելու իրավիճակը՝ ընդհանուր զորահավաքից հետո:
«Սա ռուսների նախաձեռնած գործողությունն է։ Ենթադրվում է, որ ուկրաինացիներն օգտագործել են 800 կմ-ից ավելի թռչելու կարողություն ունեցող անօդաչու։ Տեսականորեն այն կարող էր հասնել Կրեմլ Ուկրաինայի արևելքից։ Բայց, մի տեսակ, դժվար է այն իրականացնել: Բացի այդ, եթե դիտեք պայթյունը, որը պատկերված է տեսանյութում, ապա այն ավելի շատ նման է հրավառության, քան զինամթերքի պայթյունի»,- պնդել է նա:
Մեկ այլ փորձագետ՝ CATO ինստիտուտի վերլուծաբան Դագ Բանդոուն ասել է, որ այս հարցում չի վստահում ո՛չ Մոսկվային, ո՛չ Կիևին․ «Դժվար է ասել՝ ով է իրականացրել հարձակումը: Կրեմլը շատ քիչ վստահություն է ներշնչում, սակայն մյուս կողմից՝ ուկրաինացիները բավականին կոշտ հռետորաբանություն են կիրառում ռուսների դեմ»:
Հուդզոն ինստիտուտի վերլուծաբան Ռիչարդ Վեյցը ընդգծել է, որ ներկայում դժվար է հասկանալ, թե ում էր ձեռնտու Կրեմլի վրա անօդաչուի հարձակումը:
«Կատարվածի համար կարող են լինել բազմաթիվ բացատրություններ: Այն ինձ հիշեցնում է քննարկումը, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսք» գազատարը։ Կան բազմաթիվ հավանական դերակատարներ, բայց որևէ ապացույց հրապարակված չէ, համենայն դեպս այս պահին»:
Վերլուծաբանի պնդմամբ, այս միջադեպը մի կողմից կարող է բացահայտել ռուսական հակաօդային պաշտպանության խոցելի կետերը, եթե այն իրականացրել են ուկրաինացիները: Մյուս կողմից, Կիևը պետք է որ գիտակցեր՝ նման գործողությունը հարվածի տակ է դնելու իր հարաբերությունները արևմտյան տերությունների հետ: