Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հերքում է ԱՄՆ մասնակցությունը Կրեմլի վրա անօդաչուի հարձակմանը


Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին «կեղծ» է անվանել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Ռուսաստանի պնդումները, թե Կրեմլի վրա անօդաչուի հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն, կեղծ են»,- հինգշաբթի ասել է Քիրբին՝ շարունակելով․ «Ակնհայտ է, որ այն անհեթեթ պնդում է»։

«Միացյալ Նահանգներն այս ամենի հետ կապ չունի։ Մենք նույնիսկ չգիտենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ն այս հարցում որևէ դերակատարում չունի»,- CNN-ին ասել է նա` հավելելով, որ Պուտինն է ագրեսորը և կարող է վերջ դնել հակամարտությանը՝ զորքերը դուրս բերելով Ուկրաինայի տարածքից։

Հինգշաբթի՝ ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել էր ԱՄՆ-ին, թե Վաշինգտոնն է կանգնած Կրեմլի վրա անօդաչուի հարձակման հետևում, որի նպատակն էր սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուղղակի ստում է»,- ընդգծել է Ջոն Քիրբին:

CNN-ի հետ զրուցում նա նաև նշել է, որ չի տիրապետում հետախուզական որևէ տվյալի, թե Ռուսաստանը մտադիր է հարձակում ձեռնարկել ՆԱՏՕ-ի կարևոր ենթակառուցվածքների վրա:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում հետախուզության գծով պատասխանատուն չորեքշաբթի նախազգուշացրել էր, թե Ռուսաստանը կարող է դիվերսիա իրականացնել ալյանսի երկրներին պատկանող սուզանավերի մալուխների ուղղությամբ՝ պատժելու արևմտյան պետություններին Ուկրաինային աջակցելու համար։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը:

«Դրան մենք շատ ուշադիր հետևում ենք պատերազմի գրեթե սկզբից», - ասել է Քիրբին CNN-ի եթերում:

MSNBC-ին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը Կիևին չի տրամադրում միջոցներ՝ հարվածներ հասցնելու Ուկրաինայի սահմաններից դուրս։

«Դեռևս գնահատում ենք իրավիճակը«,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

XS
SM
MD
LG