Մատչելի հղումներ

Ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար. պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի ու Թուրքիայի կողմից Հաայստանի օդային տարածքը փակելու հետ կապված հարցերին:

Հայ-ադրբեջանական երկխոսության մասին խոսելիս՝ Վեդանտ Փաթելն ընդգծել է, որ չունի որևէ նոր տեղեկություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ:

Նա կրկին շեշտել է. «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն: Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար, և, որ դա հնարավոր է այս երկու երկրների միջև։ Ինչպես նշել էի, պետքարտուղար Բլինքենը մասնակցել է բացման լիագումար նիստին, ինչպես նաև ողջունել արտգործնախարարներին ընթրիքի ընթացքում»:

Փոխխոսնակը հրաժարվեց որևէ այլ տեղեկություն տրամադրել այս առիթով՝ հաշվի առնելով, որ գործընթացն ընթացքի մեջ է ու ընդգծեց միայն, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել այս գործընթացում:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայաստանի օդային տարածքը փակելու մասին հարցին՝ փոխխոսնակը հայտնեց. «ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը, կարծում ենք, կարևոր է ոչ միայն այս երկու երկրների, այլև օգտակար է ողջ տարածաշրջանի կայունության համար։ Մենք հիասթափությամբ արձանագրեցինք Թուրքիայի հայտարարությունը՝ հայկական ավիաընկերությունների թռիչքների լիցենզիաները դադարեցնելու մասին։ Օդային թռիչքները վերսկսելու վերաբերյալ այս երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարևոր միջոց էր վստահության ամրապնդման համար ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև կրկին ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունության համար, և մեր անկեղծ հույսն է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերը և նաև բացել տրանսպորտային ուղիները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը:

XS
SM
MD
LG