Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հինգշաբթի օրը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Նա առաջին անգամ է այցելում Չինաստան՝ ավելի քան երեք տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահ դառնալուց հետո։
Եվրոպայի հարաբերությունները Չինաստանի հետ վերջին տարիներին սրվել են՝ 2021 թվականին ներդրումային պայմանագրի դադարեցման և Պեկինի կողմից Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար դատապարտելուց հրաժարվելու հետևանքով:
Սակայն, հինգշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել խոսել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ:
ֆոն դեր Լեյենից մեկ օր առաջ, Չինաստան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա Պեկինին հորդորել էր խելամիտ կերպով հաղորդակցվել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ:
Սին, ով Արևմուտքի կողմից համարվում է Ռուսաստանի աջակիցը, պատասխանել է, թե հույս ունի, որ Մոսկվան և Կիևը կարող են որքան հնարավոր է շուտ խաղաղ բանակցություններ վարել:
«Հետաքրքիր էր լսել, որ նախագահ Սին կրկնեց Զելենսկիի հետ խոսելու իր պատրաստակամությունը», - նշել է ֆոն դեր Լեյենը, հավելելով, որ ըստ Սիի, զրույցը կարող է տեղի ունենալ հարմար «ժամանակի և պայմանների» դեպքում:
Հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է Չինաստանի առաջնորդին, որ Թայվանի նեղուցում կայունությունը առաջնային նշանակություն ունի։
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: