Մատչելի հղումներ

The Economist Intelligence Unit-ը հրապարակել է ժողովրդավարության իր ինդեքսը՝ անդրադառնալով նաև Հայաստանին


The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման 2022 թվականի ցուցանիշ (The Economist Intelligence Unit (EIU) Democracy Index 2022)
The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման 2022 թվականի ցուցանիշ (The Economist Intelligence Unit (EIU) Democracy Index 2022)

The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման ցուցանիշը հրապարակել է իր զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության ցուցնիշներին, ըստ որի՝ Հայաստանը 2022 թվականին առաջ է անցել յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը

Հայաստանը 2022 թվականին աշխարհում 167 երկրների ցանկում զբաղեցնում է 82-րդ տեղը, ըստ 2006 թվականից հրապարակվող The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման ցուցանիշի: Օրերս հրապարակած հետազոտությունը ցոյց է տալիս, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանը, ստանալով 5.63 միավորով, առաջ է անցել 7 հորիզոնականով` անցած տարվա զեկույցի հետ համեմատած:

The Economist Intelligence Unit Ժողովրդավարության ցուցանիշը, որը հրապարակում է բրիտանական հայտնի The Economist ամսագիրը հրատարակող The Economist Group-ը, կազմվում է տարվա ընթացքում յուրաքանչյուր երկրում հինգ ոլորտների հետազոտման հիման վրա, որոնք են ընտրական գործընթացը և բազմակարծությունը, քաղաքացիական ազատությունները, կառավարության ֆունկցիոնալությունը, հանրային ներգրավվածությունն ու քաղաքական մշակույթը։

Բացի այդ, Ժողովրադավարության Ինդեքսը երկրներն, ըստ իրենց ցուցանիշների, բաժանում է չորս խմբերի: Դրանք են «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդ ռեժիմներ» և «ավտորիտար ռեժիմներ»: Հայաստանն, ըստ իր ցուցանիշների, ընդգրկվել է «հիբրիդ» ռեժիմ»-ի խմբում՝ 2022 թվականին հնարավոր տասը միավորից ստանալով ընդհանուր 5.63 միավոր: Լավագույն արդյունքը արձանագրվել է «ընտրական գործընթաց ու բազմակարծություն» ոլորտում, ուր ցուցանիշը հավասար է 7.92: Ամենացածր ցուցանիշն է «քաղաքական մշակույթ» ոլորտում, որը կազմում է հնարավոր տասը միավորից 3.13 միավոր: Մնացած ցուցանիշներն են «հանրային մասնակցությունը»՝ 6.11 միավոր, «կառավարության ֆունկցիոնալությունը»՝ 5.71 և «քաղաքացիական ազատություններ»՝ 5.29 միավոր:

Հայաստանն ընդգրկված է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբում, ուր 28 երկրներից զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայի 16 երկրներն ընդհանուր առմամբ բարելավել են իրենց ցուցանիշները: Ամենամեծ բարելավումն են գրանցել Չեռնոգորիան և Ալբանիան։ Վեց երկիր վատթարացրել են իրենց ցուցանիշը, ուր ամենամեծ անկում է ապրել Ռուսաստանը: Ըստ զեկույցի՝ տարածաշրջանում դեռևս չկա «լիարժեք ժողովրդավարություն»: 28 երկրներից 16-ը «թերի ժողովրդավարության» խմբում են, իսկ չորսը՝ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Ուկրաինան, որակվում են «հիբրիդ ռեժիմներ»: Ութ երկրներ, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, դիտարկվում են որպես «ավտորիտար ռեժիմներ»:

2017 թվականից ի վեր Հայաստանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը The Economist Intelligence Unit Ժողովրդավարության ինդեքսում: 2017 թվականին այս ցուցանիշը կազմում էր 4.11 միավոր՝ 2018 թվականին հասնելով 5.54 միավոր: Զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը` Հայաստանն այսօր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, մերձբաթլյան երկրներից զատ, զիջում է միայն Մոլդովային, որը 6.23 միավորով զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը:

Հայաստանն, ըստ ժողովրդավարության ցուցանիշի ինդեքսի, առաջատար է տարածաշրջանում: Հիբրիդ ռեժիմների խմբում ընդգրկված Վրաստանը զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը, իսկ նույն խմբից Թուրքիան՝ 103-րդ: Ավտորիտար ռեժեմներից՝ Ադրբեջանը 134-րդ տեղում է, Ռուսաստանը ՝ 146-րդ, իսկ Իրանը՝ 154-րդ:

Սկանդինավյան երկրները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Դանիան, շարունակում են առաջատար տեղ զբաղեցնել ժողովրդավարության այս ցուցանիշում՝ զբաղեցնելով ինդեքսային վարկանիշային աղյուսակի առաջին վեց տեղերից հինգը Նոր Զելանդիայի հետ մեկտեղ, որը երկրորդ տեղում է առաջին տեղը զբաղեցնող Նորվեգիայից հետո:

«Ժողովրդավարության ինդեքսի» այս տարվա զեկույցի առանցքը Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ և դրա կարևորությունը երկրների և Եվրոպայում և ամբողջ աշխարհում ժողովրդավարության ապագայի վրա։ Ըստ զեկույցի՝ եթե Ուկրաինայի պայքարը իր սահմանների և տարածքային ամբողջականության անմձեռնմխելիության համար ժողովրդավարության վառ դրսեւորում է գործողության մեջ, ապա Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը կայսերական նկրտումներից և այդ մտածելակերպի արդյունքում:

Զեկույցը շեշտում է՝ ինքնիշխանության իրավունքը անխախտ է. չկա Մոսկվայի և նրա դաշնակիցների գործողությունների որևէ արդարացում: Զեկույցում ընդգծվում է, որ զարգացող երկրների մեծ մասը մտահոգված է ինքնիշխան պետության վրա Ռուսաստանի անհիմն հարձակումից, սակայն, այդուհանդերձ, արևմտյան տերություններին այդպես էլ չի հաջողվել համոզել նրանց հանդես գալու ընդդեմ Ռուսաստանի: Ըստ զեկույցի՝ աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնք կամ չեզոք են կամ հակված են դեպի Ռուսաստան, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին:

XS
SM
MD
LG