Աշխարհում մամուլի ազատությունը լուրջ վատթարացում է արձանագրել, հայտնում է անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Համաձայն զեկույցի, մամուլի ազատությունը սահմանափակելուն ուղղված քայլեր են գրանցվել ոչ միայն անազատ երկրներում, այլեւ՝ ավանդաբար «ազատության ամրոց» համարվող Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում:
Ազատ մամուլի դերը ժողովրդավարության մեջ դժվար է գերագնահատել: Այն առաջին հերթին օգնում է քաղաքացուն կատարել տեղեկացված ընտրություն՝ ներկայացնելով իրականության առավել հստակ պատկերը: Առանց այդ գործիքի քաղաքացիները պարզապես չեն կարող կատարել այդ ընտրությունը:
Եվրոպայում մամուլի ազատության առավել վատ վիճակը տիրում է Հունգարիայում եւ Սերբիայում, որտեղ Վիկտոր Օրբանն ու Ալեքսանդր Վուչիչը լուրջ հաջողության են հասել ազատ մամուլի գործունեությունը սահմանափակելու գործում: Հունգարիայում, մասնավորապես, զեկույցի համաձայն, լրատվամիջոցների 80 տոկոսից ավելին կառավարության դաշնակիցների ձեռքում են:
Ինչ վերաբերում է անազատ երկրներին, ապա այստեղ իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել: Անազատ Չինաստանում արդեն սահմանափակում են մամուլի եւ լրատվության ազատությունը ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ սահմաններից դուրս՝ փորձելով ամեն կերպ ազդել այլ լրատվամիջոցների վրա, որպեսզի նրանք հաղորդեն Չինաստանի մասին այն, ինչ ցանկանում է Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցությունը:
Եթե նախկինում կոմունիստական կուսակցությունը սահմանափակում էր իր ազդեցությունը արտերկրի լրատվամիջոցների վրա Չինաստանի դրական պատկերի հաղորդմամբ, ապա այժմ մարտավարությունը փոխվել է: Ինչպես նախկինում, Չինաստանի ավտորիտար ռեժիմը փորձում է արտերկրին ներկայանալ որպես զարգացող եւ ազատ երկիր՝ թույլ չտալով երկրում տեղի ունեցող բացասական գործընթացների լուսաբանումը: Սակայն, այժմ չինական կողմը ցանկանում է նաեւ ընդհանրապես ներկայացնել բռնատիրական համակարգը որպես ժողովրդավարությունից ավելի նախընտրելի՝ միաժամանակ, ժողովրդավարությունը համարելով քաոս:
Համաշխարհային պատկերը սակայն այդչափ գաղջ չէ՝ Հայաստանում, Եթովպիայում, Մալայզիայում, Էկվադորում ու Գամբիայում գրանցված մամուլի ազատության ոլորտում առաջընթացը ոգեշնչող է, ասված է Freedom House-ի զեկույցում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանն ու Վրաստանը ստացել են մամուլի ազատության մակարդակի համար երկուական միավոր, մինչդեռ Ադրբեջանում եւ Ռուսաստանում մամուլի ազատության մակարդակը գնահատվել է զրոյական:
Ի տարբերություն ժողովրդավարության այլ պարագաների, ինչպիսիք են դատական իշխանության անկախությունն ու օրենքի գերակայությունը, մամուլի ազատությունը փոփոխություններին շատ արագ արձագանքող ցուցանիշ է: Սակայն, ինչպես ժողովրդավարությունը, այն խոցելի է եւ անընդհատ խրախուսման եւ պաշտպանության կարիք ունի, ասված է զեկույցում: Այլապես, կարող է կրկնվել 2011-ի «Արաբական գարնան» պատմությունը, երբ արաբական մի շարք երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում իշխանափոխություններից անմիջապես հետո մամուլի ազատության մակարդակը բարելավվեց, սակայն արդեն երկու տարի անց կրկին նվազեց:
Սոցիալական ցանցերը մնում են ազատ մամուլի կարեւորագույն օթեւաններից մեկը, հատկապես այն պետություններում, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկողության տակ վերցնել ավանդական լրատվամիջոցները:
Բոլոր բացասական կողմերով հանդերձ, համացանցը մնում է ոլորտ, որտեղ, կեղծ լուրերի եւ քարոզչության կողքին այնուամենայնիվ կարող է տարածվել ազատ խոսքը: Թուրքիայում, որտեղ 2016-ի հեղաշրջման փորձից հետո ազատ մամուլը հսկայական ճնշումների ենթարկվեց, համացանցը դարձել է անկախ լրատվության աղբյուր, որը, չնայած իշխանական արգելափակումներին, հասանելի է շատերին: Զեկույցը նաեւ հիշատակում է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» օրերին համացանցի կարեւորագույն դերի մասին, որը անաչառ տեղեկատվության աղբյուր էր, երբ կառավարության կողմից կառավարվող ավանդական հեռուստաընկերությունները լռում էին: