Մատչելի հղումներ

Արդյո՞ք Հայաստանը կարդարացնի Transparency International-ի սպասումները


Transparency International կազմակերպությունը, որը զբաղված է աշխարհում կոռուպցիայի ոլորտի ուսումնասիրմամբ, օրերս հրապարակել է իր 2018 թվականի զեկույցը։

Ըստ կազմակերպության գնահատականի, երկրների մեծ մասի ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում նպաստում է աշխարհում ժողովրդավարության ճգնաժամին: Ըստ զեկույցի, չնայած որոշ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը գրանցել է որոշակի առաջընթաց, ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ լուրջ առաջընթաց չի գրանցվել:

Մեթոդաբանական առումով կազմակերպությունը գնահատում է երկրներում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը 100 միավորանոց սանդղակի միջոցով՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր երկրի պետական կառավարման համակարգում առկա իրավիճակը: Հետազոտություններ են անցկացվել շուրջ 180 երկրներում:

Ըստ զեկույցի, ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան և Նոր Զելանդիան համապատասխանաբար 88 և 87 միավորներով, իսկ առավել կոռումպացվածները՝ Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը՝ համապատասխանաբար 10,13 և 13 միավորներով: Զեկույցում ընդգրկված երկրների շուրջ երկու երրորդը գրանցել են 50 միավորից ցածր ցուցանիշ, որը ժողովրդավարության առկայության ցուցանիշն է մի շարք բացառություններով:

Միացյալ Նահանգները, ըստ Transparency International, նախորդ տարի գրանցել է հետընթաց կոռուպցիայի դեմ պայքարի առումով և դուրս մնացել 71 միավորով առավել չկոռումպացված երկրների քսանյակից: Սա 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, իրավիճակն ընդհանուր առմամբ հիասթափեցնող է: Տարածաշրջանի առաջատարն է Վրաստանը, որը 58 միավորով տարածաշրջանի միակ երկիրն է, որը գրանցել է 50-ից բարձր միավորների ցուցանիշ: Վրաստանին են հաջորդում Մոնտենեգրոն և Բելառուսը համապատասխանաբար 45 և 44 միավորներով: Վրաստանը գլոբալ սանդղակով 180 երկրներից զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:

Տարածաշրջանի ամենակոռումպացվածներն են Թուրքմենստանը (20 միավոր), Ուզբեկստանը (23 միավոր) և Տաջիկստանը (25 միավոր): Կազմակերպության կարծիքով այսօր Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում ժողովրդավարական նորմերն ու հաստատությունները սպառնալիքի ներքո են ավտորիտար համակարգի պատճառով:

Ըստ կազմակերպության, Հարավային Կովկասի երկիր Ադրբեջանը նախորդ տարվա հետ համեմատած 6 միավորով անկում է գրանցել՝ 2018 թվականին ստանալով 25 միավոր: 180 երկրների սանդղակում Բաքուն զբաղեցրել է 152-րդ տեղը: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում տեղի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու հալածանքների վերաբերյալ, ինչպես նաև իշխող վերնախավի կոռումպացվածության բարձր մակարդակի հետ կապված:

Անդրադառնալով հետխորհդային երկրներում առկա հրամայականներին՝ զեկույցը ընդգծում է այստեղ վերահսկողական գործառույթների բացակայությունը պետական հաստատությունների շրջանում, որն էլ հանգեցնում է հզոր մասնավոր խմբերի կամ անհատների ազդեցության մեծացմանը կառավարության որոշումների հաստատման գործում:

Կազմակերպությունը որոշակի սպասելիքներ ունի հաջորդ տարիների ընթացքում տարածաշրջանի մի խումբ երկրներից, ներառյալ Թուրքիայից, Բոսնիա ու Հերցեգովինայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից և Հայաստանից՝ հաշվի առնելով այս երկրներում քաղաքական ոչ հստակ իրավիճակը: Հայաստանն այս ենթախմբում միակ երկիրն է, որ գրանցել է կառավարության դրական փոփոխություն:

Ըստ կազմակերպության գնահատականի, Հայաստանը 2018 թվականի ընթացքում ստացել է 35 միավոր՝ զբաղեցնելով գլոբալ աստիճանակարգում 108-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի ցուցանիշը նույնպես 35 միավոր էր:

Հայաստանում Transparency International կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոգտանյանն ընդգծում է, որ այս վերջին զեկույցի գնահատականները հիմնվում են 2017-2018 թթ. տվյալների վրա և մեծ մասով վերաբերում են Հայաստանի նախահեղափոխական շրջանին: Ըստ փորձագետի, շուրջ 6 աղբյուրներից միայն մեկն է ընդգրկել մինչև 2018 թվականի օգոստոս ընկած ժամանակաշրջանը: Մյուս աղբյուրները օգտագործել են մինչև 2018 թվականի առաջին կեսի տվյալներ: Նրա կարծիքով, այս գնահատականների գերակշռող մասը վերաբերում է Հայաստանի նախորդ իշխանություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG