Միջազգային հանրապետական հաստատության (IRI) շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը: Նրա կարծիքով կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա հոռետեսական տրամադրություններին:
՛՛ Դրանք են այս հարցման չորս հիմնական բացահայտումները, որոնց մասին մենք տեղեկացրել ենք կառավարությանը: Ակնհայտ է, թե ինչ են ակնկալում մարդիկ հունիսին կայանալիք ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունից՛՛,- ասում է Նիքսը:
Հարցման համաձայն գալիք ընտրություններում ակնկալվում է մասնակցության բարձր ցուցանիշ: Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, անպայման կամ ամենայն հավանականությամբ կմասնակցի գալիք ընտրություններին:
՛՛Դա ապշեցուցիչ թիվ է` հաշվի առնելով այն ամենն, ինչը տեղի է ունեցել Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում: Դա ևս մեկ ցուցանիշ է, որ մարդիկ հավատում են ժողովրդավարությանը, ցանկանում են, որ այն գործի: Մենք դա դիտարկում ենք որպես ցուցանիշ՛՛,- շեշտում է Նիքսը:
Հարցման արդյունքների համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսների ընթացքում անկում է ապրել 7 տոկոսով: Այսօր «Քաղաքացիական պայմանագրի/Իմ քայլի» օգտին պատրաստ են քվեարկել հարցման մասնակիցների 26 տոկոսը: Երկու ամիս առաջ այդ թիվը կազմում էր 33 տոկոս։
՛՛Չպետք է մոռանալ, որ այս արդյունքները ներկայացնում են տվյալ ժամանակահատվածը: Հարցումն անցկացվել է ապրիլի վերջին և մայիսի սկզբին: Ընտրություններին դեռևս կա որոշ ժամանակ: Ամեն դեպքում այս տվյալները վկայում են, որ ՛՛Իմ քայլը՛՛ պահպանել է առաջնային ուժեղ դիրքերը՛՛,- նկատում է Նիքսը:
Սթեֆան Նիքսը մատնացույց է անում քաղաքական մյուս ուժերի օգտին քվեարկելու պատրաստակամության ցածր թվերը. ըստ հարցման արդյունքների՝ նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ են քվեարկել հարցման մասնակիցների մեկական տոկոս, իսկ ընտրողների 55 տոկոսը կամ մեծամասնությունը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել, թե քաղաքական որ ուժին է պատրաստվում տալ իր քվեն:
՛՛Դա մեծ թիվ է, սակայն մենք դա վերագրում ենք այն փաստին, որ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում երկրում առկա էին շատ խնդիրներ, ուստի, միգուցե, մարդիկ չեն ցանկանում բացահայտել իրենց ընտրությունը՛՛,- ասում է Սթեֆան Նիքսը:
Դրա հետ մեկտեղ, սակայն, իշխող քաղաքական ուժի երեք գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը (45%), Արարատ Միրզոյանը (40%) և Տիգրան Ավինյանը (30%) արժանացել են հարցման մասնակիցների միանշանակ կամ որոշակի դրական գնահատականների, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին միանշանակ դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 16 տոկոսը: Սթեֆան Նիքսը նման ցուցանիշը որակում է չափազանց բարձր վարկանիշ: Քաղաքական մի շարք այլ գործիչների դրական վարկանիշը, ըստ հարցման, կազմում է Գագիկ Ծառուկյան՝ 25%, Էդմոն Մարուքյան՝ 23%, Ռոբերտ Քոչարյան՝ 20%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 11%, Սերժ Սարգսյան՝ 10%:
Այսօր անցկացվող ընտրությունների արդար և ազատ բնույթին միանշանակ կամ վերապահումներով հավատում է հարցման մասնակիցների 48 տոկոսը: 42 տոկոսի կարծիքով, ընտրությունները չէին լինի արդար կամ ազատ, եթե անցկացվեին այսօր: 36 տոկոսը ժողովրդավարությունը չի դիտարկում կառավարման լավագույն համակարգ Հայաստանի համար, սակայն 48 տոկոսը նախընտրում է ժողովրդավարական կառավարման ձևը։ Հայաստանի այսօրվա ժողովրդավարության զարգացման մակարդակով ամբողջությամբ կամ մասամբ բավարարված են հարցվողների ընդամենը 30 տոկոսը, այն դեպքում, երբ 63 տոկոսն ամբողջությամբ կամ մասամբ բավարարված չէ:
Հարցումն անդրադարձել է նաև մի շարք այլ խնդիրների, ներառյալ կորոնավիրուսի դեմ պայքարին, ԼՂ վերջին պատերազմի արդյունքում անվտանգության խնդրին ու այլ երկրների հետ հարաբերություններին: Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը կամ` 71 տոկոսը միանշանակ չի ցանկանում պատվաստվել COVID-19-ի դեմ, անգամ պատվաստանյութի հասանելիության պարագայում: 10 տոկոսը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել այս հարցին: Պատվաստումից հրաժարվողների մեծ մասը վախենում է կողմնային ազեցությունից (37%) կամ չի կարծում, որ դա անհրաժեշտ է (25%):
՛՛Պատվաստումից հրաժարվելու թիվը չափազանց տագնապալի է: Կառավարությունը պետք է իրականացնի կրթական լայնածավալ ծրագիր` հանրությանը տեղեկացնելու համար պատվաստման անհրաժեշտության մասին, քանի որ համավարակն ազդում է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև տնտեսության վրա՛՛,- գտնում է Նիքսը:
Ըստ հարցման արդյունքների՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, որպես Լեռնային Ղարաբաղում հետագա լարվածության կանխման լավագույն մեթոդ, դիտարկում է հայկական բանակի ներուժի բարելավումը, որի օգտին է արտահայտվել մասնակիցների 37 տոկոսը: 16 տոկոսի կարծիքով այս նպատակին հնարավոր է հասնել ՌԴ ու Բելառուսի հետ միության միջոցով, իսկ 13 տոկոսն ապավինում է ռուս խաղաղապահներին: 4 տոկոսը գտնում է, որ լավագույն մեթոդն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը, իսկ 3 տոկոսը՝ ԵՄ-ի: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին է ապավինում հարցվողների 3 տոկոսը: Այս առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական բանակցությունների կողմնակից են հարցվողների համապատասխանաբար 2 և մեկ տոկոսը:
Հարցումը ցույց է տալիս, որ մասնակիցների 70 տոկոսն է Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում շատ դրական կամ դրական, իսկ 15 տոկոսը՝ վատ կամ շատ վատ։ Ամենից շատ դրական արձագանք են ստացել Ֆրանսիայի հետ ՀՀ հարաբերությունները. մասնակիցների 79 տոկոսը շատ դրական կամ դրական է գնահատում Ֆրանսիայի հետ կապերը, և միայն 6 տոկոսը՝ բացասական։
Հարցվողների 43 տոկոսը վստահ է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Այս տեսակետը չի կիսում հարցման մասնակիցների 20 տոկոսը:
Facebook Forum