Լոս Անջելեսի մոտ գտնվող Մոնթերեյ Պարկ քաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգությսոնից տուժածների ընտանիքի անդամները անհանգիստ սպասում են որևէ լուրի իրենց հարազատների մասին: Քաղաքը սգում է հրաձգության զոհերի հիշատակը։
«Իմ սիրտը մղեց ինձ լինել այստեղ՝ ի աջակցություն այս համայնքի: Ես հավատացած եմ, որ ողբերգության պահերին, անկախ նրանից, թե ինչ համայնք է այն տեղի ունեցել, անհրաժեշտ է համախմբվել սրտով, մտքով և հոգով, որովհետև միասնաբար մենք կվերապրենք ցավը, իսկ առանձին-առանձին՝ կընկճվենք»,- նշում է տեղի բնակիչ Ռիտա Ֆուլմորը:
Մոնթերեյ Պարկի բնակչության 65 տոկոսը կազմում են ասիացի ամերիկացիները: Համայնքն ապրում էր չափազանց հանգիստ միջավայրում:
«Դա հանգիստ և խաղաղ համայնք է: Ես այստեղ ինձ միշտ ապահով եմ զգացել՝ թե՛ ցերեկ, թե գիշեր»,- ընդգծում է համայնքի բնակիչ Ֆրանկ Սալազարը:
Ոստիկանությունը հետաքննում է Մոնտերեյ Պարկում տեղի ունեցած հրաձգության դրդապատճառները, ինչպես նաև մոտակա քաղաքի մեկ այլ պարային ակումբի վրա հրաձիգի հարձակման փորձը, որը կանխվեց ի շնորհիվ երկու տղամարդկանց, ովքեր զինաթափեցին հրաձիգին՝ կանխելով նոր սպանդը:
Ենթադրյալ մարդասպանն է 72-ամյա Հու Կան Տրանը, ով ավելի ուշ ինքնասպանություն գործեց:
Իսկ քաղաքի բնակիչները շարունակում են սգալ անմեղ զոհերի հիշատակը:
«Այս անմեղ մարդիկ արժանի չէին նման ճակատագրին»,- ասում է քաղաքի բնակիչ Դարեն Յանը:
Ի նշան սգո՝ Մոնտերեյ Պարկ քաղաքապետարանի դրոշները իջեցվել են կիսով չափ: Բնակիչներից մեկը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և առաջին արձագանքողներին: Նա խորապես մտահոգված է շարունակվող զանգվածային հրաձգության դեպքերի կապակցությամբ:
«Սենդի Հուկ, Ուվալդե, այստեղ՝ Մոնտերեյ Պարկ, Կոլումբայն: Կարող եմ երկար թվարկել տարբեր այս զանգվածային հրաձգությունների ցուցակը, որոնք տեղի են ունեցել տարիների ընթացքում: Դուք դա չեք զգում, քանի դեռ այն չի անդրադառոնւմ այն վայրին, որտեղ ապրում եք»,- ընդգծում է տեղի բնակիչ Ինեզ Արակակին:
Տեղի բնակիչ Հիլդա Գուզմանն էլ շեշտում է՝ չնայած այս մեծ ողբերգությանը՝ համայնքը կվերապրի այն, քանի որ միասնական է ու ուժեղ: Մարդիկ աջակցում են միմյանց, պնդում է նա:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Մայք Օսուլիվանի նյութի հիման վրա