Երեքշաբթի օրը Թեքսասի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվեց 19 երեխա և երկու ուսուցիչ: Սպանություններ, որոնք կրկին դարձել են զենքի վաճառքի օրենքները փոփոխության ենթարկելու շուրջ լուրջ քննարկումների առարկա: Այս նահանգի կառավարչի պաշտոնի համար պայքարող դեմոկրատ Բեթո Օ’Ռուրքեն հանրապետական նահանգապետին դատապարտում է զենքի վաճառքն ավելի հեշտացնելու նրա նախկին որոշումը: Նրա խոսքերով, նաեւ այդ օրենքը թույլ տվեց, որ այս սպանությունը տեղի ունենար:
Հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթն արդարանում է, ասելով, թե ‘’Չիկագոյում ամեն շաբաթավերջին ավելի մեծ թվով մարդիկ են գնդակահարվում, քան Թեքսասի դպրոցներում’’: Նրա խոսքերով, սխալ են մտածում այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ավելի խիստ օրենքները կարող են լուծել այս խնդիրը:
Երկրի նախագահ Ջո Բայդենը կոչ է արել դեմոկրատների կողմից ձայների փոքր մեծամասնության վերահսկվող Կոնգրեսին ընդունել նոր կանոնակարգեր։ ‘’Ե՞րբ ենք ի վերջո անելու այն, ինչ պետք է արվի, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե արմատապես կրճատվեն այս սպանությունները’’, ասել է նա:
Դեմոկրատներն ասում են, թե ցանկանում են առանց հապաղելու ընդունել զենք կրելու մասին նոր օրենքներ:
«Ամերիկայում հրազենային համաճարակի նման համաճարակ չկա մեր բարեկամ եւ ոչ մի երկրում’’, ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:
Դեմոկրատ սենատորներից Քրիս Մըրֆին էլ ասում է, թե զենքի արդյունաբերության ճյուղն այս պահին ցանկանում է խոչընդոտել զենքի վաճառքի մասին օրենքները խստացնելու շուրջ որեւէ քննարկում:
Հանրապետականները, որոնք հայտարարում են, թե սգում են տարրական դպրոցում իրականացված սպանդի զոհերի համար, միեւնույն ժամանակ նախազգուշացնում են, որ չի կարելի սահմանափակել զենք կրելու իրավունքը, որն ամերիկացիներին է տրված ըստ սահմանադրության:
Համաձայն Pew հետազոտական կենտրոնի կողմից 2021 թվականին անցկացված հարցման՝ ամերիկացիների կեսը հրազենային բռնությունը համարում է շատ մեծ խնդիր, և ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մեծ մասը կողմ է, որ զենք վաճառելիս իրականացվեն գնորդի անձի մանրակրկիտ ստուգումներ:
Այս պահին բացի զենք գնելու իրավունքի շուրջ քննարկումներից, խոսք է գնում նաեւ ոստիկանական ուժերի գործողությունների ուշացած լինելու մասին: Ինչ պիտի արվի, որպեսզի ոստիկանները միջամտեն առանց հապաղելու, երբ ամեն մի րոպեն կարող է եւս մեկ մարդու կյանք արժենալ: Թեքսասի տարրական դպրոցում հրազենային սպանդն իրականացրած 18-ամյա Սալվադոր Ռամոսը, ըստ ‘’Ասոշիեյթեդ փրես’’ գործակալության կողմից ստացված տեղեկությունների, մինչեւ ոստիկանների մուտքը, դպրոցի շենքում է եղել մոտ մեկ ժամ, երբ շենքի մոտ հավաքված անձինք, առանց պատասխան ստանալու, խնդրում էին ոստիկաններին մտնել դպրոց:
Արամ Վանեցյան. Քեթրին Գիպսոն