Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դպրոցում հրազենային նոր հարձակումը` նոր քննարկումների առարկա


Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը երեկոյան խոստացավ իմաստալից քայլեր ձեռնարկել «զենքի մասին օրենքները» փոփոխության ենթարկելու ուղղությամբ այն բանից հետո, երբ տասնութ տարեկան մի դեռահասի կողմից իրականացված գրոհի արդյունքում Թեքսաս նահանգի դպրոցներից մեկում սպանվեց մանկահասակ 19 երեխա:

«Այն, որ 18-ամյա մի երեխա կարող է մտնել զենքի խանութ և գնել գրոհային երկու զենք, պարզապես սխալ է: Բացի մարդ սպանելուց, էլ ի՞նչ կարելի է անել մարտական զենքով: Զենք արտադրողները երկու տասնամյակ լարված աշխատանք տարան գրոհային զենքերի վաճառքին զարկ տալու համար, ինչի արդյունքում դարձան ամենամեծ եկամուտն ունեցող ճյուղը:

Ի սեր Աստծո, մենք պետք է քաջություն ունենանք՝ կանգնելու ընդդեմ արդյունաբերության այս ճյուղի», ասել է Ջո Բայդենը:

Թեքսասում տարրական դպրոցում հրազենային հարձակումն առնվազն 19 երեխա և երկու ուսուցչի կյանք է խլել: Բոլորը եղել են մի դասասենյակում:

Ցավակցության իր խոսքում Ջո Բայդենը, որը մի քանի տարի առաջ կորցրել էր իր որդուն, ասաց. «Զավակին կորցնելիս, կորցնում ես հոգուդ մի կտորը: Որդեկորույս ծնողի կրծքավանդակում բացվում է դատարկ մի խոռոչ, եւ նա զգում է, թե ինչպես է ինքը ներծծվում այդ խոռոչի մեջ շարունակ’’:

Թեքսասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթն ասել է, թե Ուվալդ քաղաքում հարձակումն իրականացնող 18-ամյա տղան սպանվել է ոստիկանների արձակած կրակից: Ահա եւս մեկ զոհ ու եւս մեկ խոռոչ, որը չէր բացվի, եթե նա չունենար մարտական զենք գնելու իրավունք::

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության առաջնորդները կատարվածն ընդունում են որպես օրենքներում բարեփոխումներ իրականացնելու կոչ:

Սենատորներից Քրիս Մերֆին հայտարարում է, թե ինքը բառացիորեն ծնկի է գալիս իր գործընկերների առջեւ, այս փակուղուց ելք գտնելու խնդրանքով: ‘’Աշխատեք մեզ հետ՝ ընդունելու համար այնպիսի օրենքներ, որոնք ավելի քիչ հավանական դարձնեն նման հարձակումները: Ես հասկանում եմ, որ իմ հանրապետական գործընկերները չեն համաձայնի այն ամենին, ինչ ես կարող եմ առաջարկել: Բայց կա ընդհանուր հայտարար, որը մենք կարող ենք գտնել’’, ասել է նա։

Թեքսաս նահանգը միշտ է հպարտացել, որ այստեղ գործում են ազատ կերպով զենք կրելու օրենքներ: Նրանք, հակառակ իրականությանը, հաճախ են ասում, թե իրենց նահանգի դրոշն ունեն ԱՄՆ-ի դրոշի բարձրությամբ վեր բարձրացնելու իրավունք:

Այսօր նրանք տեսնում են, թե ինչպես է իրենց նահանգի դրոշն ավելի խորը խոնարհվել գետնին` 7-10 տարեկան 19 երեխաների սպանությունից հետո:

Արամ Վանեցյան

Անիտա Փաուել

XS
SM
MD
LG