Մատչելի հղումներ

Reuters. Զելենսկիի այցը Վաշինգտոն ամենամեծ անակնկալն է պատերազմի սկզբից ի վեր


Ուկրաինայի նախագահը փետրվարի վերջից ի վեր առաջին անգամ դուրս կգա երկրից՝ խնդրելու ԱՄՆ-ին մեծացնել պաշտպանական օգնությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաճախ է զարմացրել աշխարհին իր ճամփորդություններով դեպի տարածքներ, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, սակայն նրա անսպասելի այցը Վաշինգտոն, որը կապված է Ուկրաինային ռազմական օգնության ավելացման հետ, միջազգային հանրությանը մատուցած ամենամեծ անակնկալն է վերջին 10 ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

«Ես մեկնում եմ ԱՄՆ՝ ուժեղացնելու Ուկրաինայի ճկունությունն ու պաշտպանունակությունը», - գրել է Զելենսկին չորեքշաբթի վաղ առավոտյան Twitter-ում։

Նա պետք է հանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ և այցելի Կոնգրես ու խնդրի ավելի շատ զենք մատակարարել էներգետիկ օբյեկտների վրա ռուսական անողոք հարձակումներին հակազդելու համար, որոնք միլիոնավոր ուկրաինացիների ձմռան կեսին թողել են առանց ջեռուցման և էլեկտրականության:

Զելենսկին, որը նախագահ է ընտրվել 2019 թվականին, մարտահրավեր է նետել իր կառավարությանը մնալ երկրում՝ մոտ լինել ժողովրդին և զինվորականներին, որոնք կռվում են ինչպես Ուկրաինան և նրա դաշնակիցներն են անվանում` ռուսական չհրահրված ագրեսիայի դեմ:

«Պայքարը տեղի է ունենում այստեղ», - ասել է Զելենսկին` պատերազամի սկզբում իրեն Կիեւից դուրս բերելու Վաշինգտոնի առաջարկին ի պատասխան: Այդ մասին այն ժամանակ հայտնել էին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանությունից։

Ռուսաստանը Ուկրաինա ներխուժումն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»՝ հարևան երկրի «դենացիֆիկացիայի» և ապառազմականացման համար։

Պատերազմի սկզբից ի վեր Զելենսկին տեսազանգեր է կատարել մի քանի տասնյակ պետությունների խորհրդարաններ, հաստատություններ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, և անթիվ հեռախոսազանգեր է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ: Սակայն փետրվարի 19-ին
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելուց ի վեր ոչ մի արտասահմանյան ուղևորություն չի կատարել:

Նրա կինը՝ Օլենա Զելենսկայան, հուլիսին մեկնել էր Վաշինգտոն՝ ելույթ ունենալու Կոնգրեսում և ևս մի քանի արտասահմանյան այցեր է կատարել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Նախագահի օգնականներն ու նախարարները աշխատանքային այցով եղել են նաև այլ երկրներում։

Երեքշաբթի օրը Զելենսկին անսպասելիորեն ժամանել է առաջին գծի Բախմուտ քաղաք, որտեղ այժմ կատաղի մարտեր են ընթանում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Զելենսկին՝ մարտական համազգեստով, զինվորականներին մեդալներ է հանձնել։

Այս ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Կրեմլի սրահներում։

Երեքշաբթի օրը Կրեմլում Պուտինը մեդալներ է հանձնել Մոսկվայի կողմից նշանակված Ուկրաինայի չորս շրջանների ղեկավարներին, որոնք Ռուսաստանը իրեն է բռնակցել փետրվարին սկսված ներխուժումից հետո։

Կիևը և նրա դաշնակիցները Մոսկվայի գործողություններն անվանում են տարածքների անօրինական զավթում:

Զելենսկին խոստացել է ամեն կերպ ազատագրել իր երկիրը. Երեքշաբթի օրը նա հաստատեց այդ խոստումը։

Ուշ երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին ասել է.
«Մենք կանենք հնարավորն և անհնարինը, սպասված և անսպասելի ամեն ինչ, որպեսզի մեր հերոսներն ունենան այն ամենը, ինչն անհրաժեշտ է հաղթելու համար, այն արդյունքների համար, որոնք ակնկալում են բոլոր ուկրաինացիները»:

XS
SM
MD
LG