Մատչելի հղումներ

Պուտինն այցելում է Մինսկ, իսկ վերլուծաբանները քննարկում են՝ արդյո՞ք կհաջողվի նրան ներքաշել Լուկաշենկոյին պատերազմի մեջ


Բելառուսում սկսվել են ռուս զինվորականների հետ համատեղ զորավարժություններ: Կիևում մտահոգված են Մինսկի կողմից հարձակման հնարավորությամբ

Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ ռուսական զինուժը նոր հարվածներ է հասցրել Կիևի և քաղաքի շրջակայքում գտնվող կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ: Երկրի իշխանությունների տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքի վրա ուղղված 20 անօդաչու թռչող սարքերից մոտավորապես 15-ը։ Կիևի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի խոսքով՝ տուժել են բնակելի շենքեր։

Հերթական հարձակումը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի՝ Բելառուս կատարած այցի նախօրեին։ Այս այցը մեծացնում է ուկրաինական կողմից մտավախությունները, որ Պուտինը մտադիր է ճնշում գործադրել իր դաշնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր հարձակմանը միանալու հարցում: Կիևի պաշտոնյաները ամիսներ շարունակ զգուշացնում են, որ հարևան Բելառուսը կարող է միանալ ռուսական ռազմական արշավին և դառնալ Ուկրաինայի վրա նոր ցամաքային հարձակման հարթակ:

«Մեր սահմանի պաշտպանությունը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի հետ, մեր մշտական առաջնահերթություններից է», - ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին Ուկրաինայի բարձրագույն ռազմական հրամանատարության կիրակնօրյա նիստից հետո։ «Մենք պատրաստվում ենք պաշտպանական բոլոր հնարավոր սցենարներին»:

Վերլուծաբանները քննարկում են՝ արդյո՞ք կհաջողվի Պուտինին ներքաշել Լուկաշենկոյին պատերազմի մեջ
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Պուտինի այցը Բելառուս, որն առաջինն է վերջին երեքուկես տարվա ընթացքում, Կրեմլը որակում է «աշխատանքային» այց, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Լուկաշենկոյի հետ։ Դրան զուգահեռ Բելառուսում կանցկացվեն ռազմական զորավարժություններ՝ հոկտեմբերին այստեղ տեղակայված ռուսական զորքերի մասնակցությամբ։ Զորավարժությունների մասին հաղորդում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը կրկին կոչ է արել արևմտյան երկրներին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Նրա կոչը հնչեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ ռուսական ուժերը հարվածեցին երկրի էներգետիկ համակարգին ձմեռային սառը եղանակի պայմաններում:

Զելենսկին նաև ասել է ուկրաինացիներին, որ ուկրաինական զինված ուժերը արիաբար զսպում են ՌԴ բանակի առաջխաղացումը Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի շրջակայքում:

Իսկ Բելառուսում ընթացող զորավարժությունները և Ռուսաստանից սպառազինության ներհոսքը մտահոգություն է առաջացրել վերլուծաբանների մոտ։ Միաժամանակ փորձագիտական շրջանակներում չկա կոնսենսուս Բելառուսի տարածքից Ուկրաինա նոր ներխուժման նախապատրաստման հարցում։

Բելառուսում անսպասելիորեն սկսված զորավարժությունները համընկել են նաև երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության նոր հրամանատար Անդրեյ Լուկյանովիչի նշանակման հետ։

Մեկ օր առաջ էլ Բելառուս են ժամանել առնվազն երեք ռուսական МиГ-31К, որոնք կարող են արձակել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ:

Մինսկը սակայն պաշտոնապես հայտարարում է, որ չի ներքաշվի Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ: Բելառուսում իրավիճակը Ամանորի նախաշեմին կարող է լարվել, կարծում է բելառուս քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը։ Նրա խոսքով, եթե ենթադրենք, որ լայնածավալ հարձակում է իրականացվելու հանրապետության տարածքից, ապա, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ամանորյա տոների կեսին, «երբ Եվրոպան արձակուրդում է»։

«Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է ռուսական զորքերի մեծ խմբավորում»,- պարզաբանում է փորձագետը։ – Միացյալ Նահանգների և այլ երկրների հետախուզական ծառայությունները պնդում են, որ Բելառուսը դեռ չունի բավարար ուժեր լիարժեք հարձակողական գործողության համար։ Ուկրաինայում նույնպես կարծում են, որ զորավարժությունները ավելի շատ նման են հոգեբանական գրոհի»,- ասում է փորձագետը՝ ընդգծելով, որ չնայած դրան այս զորավարժությունները ևս մեկ քայլ ենպատերազմի մեջ բելառուսական կողմի հնարավոր ներքաշման համար։

Բոլկունեցը կարծում է, որ ինչ բռունցք էլ որ ստեղծվի Բելառուսի տարածքում, այն «արագորեն և դաժանաբար» կվերացվի, երբ ներթափանցի Ուկրաինա։ «Որովհետև Ուկրաինայի զինված ուժերը լավ են պատրաստվել ցանկացած հակառակորդի հետ հանդիպման»,- պարզաբանում է քաղաքագետը։ «Նրանք պաշտպանում են իրենց հողը, գիտեն և հմտորեն օգտագործում են տեղանքը, իրականացրել են անհրաժեշտ ականապատման աշխատանքներ։ Ներխուժումն անկասկած ողբերգական հետևանքներ կունենա հարձակվողների համար…»:

Փորձագետի կարծիքով՝ պատերազմի առաջին տարելիցի նախաշեմին Պուտինն առայժմ ոչինչ չունի ցույց տալու, բացի կործանված տնտեսության, պատժամիջոցների ու հազարավոր դիակների, ուստի նա չի բացառում, որ Մոսկվան ճնշում գործադրի Լուկոշենկոյի վրա, ով ստիպված է լինելու կատարել Կրեմլի պահանջը և ներքաշվել պատերազմի մեջ:

Իր հերթին քաղաքագետ Արտեմ Շրայբմանը նշում է, որ այսօր Բելառուսում բավականաչափ զորքեր չկան Ուկրաինայի դեմ լայնածավալ գործողությունների համար։

«Զորավարժություններն ինքնին նորություն չեն»,- նշում է նա «Ամերիկայի ձայն»-ի զրույցում: – Տարեսկզբից դրանք անցկացվում են ամեն ամիս՝ տարբեր ձևաչափերով։ Քանի դեռ չենք տեսել արևմտյան հետախուզության հաղորդումները Բելառուս ռուսական ռազմական տեխնիկա և կենդանի ուժ տեղափոխության մեծ ծավալների մասին, որոնք բավարար են Ուկրաինա երկրորդ ներխուժման համար, չէի չափազանցնի այդ զորավարժությունների նշանակությունը: Կիևը նույնպես հակված չէ դրանք ուռճացնելու»։

Շրայբմանի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի զենք տեղափոխել Բելառուս՝ Ուկրաինան հրետակոծելու համար։ Սակայն, ըստ փորձագետի, դա ուղղակիորեն կապված չէ ցամաքային ներխուժման հետ։ Նա ռուսական «Կինժալ» տեսակի հրչթիռների տեղափոխումը Բելառուս չի կապում զորավարժությունների հետ:

Սկզբունքորեն չբացառելով Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման վտանգը՝ նա ընդգծում է, որ այս դեպքում խոսքը կլինի «տասնյակ հազարավոր զինվորների տեղափոխման մասին, այլ ոչ թե մի քանի հազար մոբիլիզացվածների: Այն նաև պահանջում է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա, հրետանի, ինժեներական և սակրավոր մեքենաներ՝ ականապատ դաշտերը մաքրելու համար»:

Շրայբմանի խոսքով՝ Լուկաշենկոյի ռեժիմը ներկայումս պատրաստում է պետական մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար։ Նա նաև նշում է ավելի վաղ անցկացված հարցումները ցույց են տալից, որ բելառուսական հասարակությունն ակնհայտորեն դեմ է պատերազմին մասնակցելու գաղափարին։

Դժվար է պատկերացնել, որ «բելառուսական զինվորականները պատրաստված են այլ խմորից»,- պնդում է փորձագետը։

«Բացի այդ, ռուսական բանակի մի շարք պարտություններից հետո պարզ դարձավ, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մարտադաշտերում... Իմ ընկալմամբ՝ Բելառուսում ոչ ոք չի ցանկանում կռվել, այդ թվում՝ Լուկաշենկոն», - բացատրում է Արտեմ Շրայբմանը:

Նյութը պատրաստվել է Reuters գործակալության և Վիկտոր Վլադիմիրովի նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG