Միացյալ Նահանգները կարողացել է հասնել որոշակի առաջընթացի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ի պատասխան լրագրողի հարցին, ով հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, որին ի պատասխան Նեդ Փրայսը նշել է.
«Ոչ, դա այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Միանշանակ, պետքարտուղարը տարբեր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են եղել՝ շարունակելու պրոցեսն ու վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:
Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետքարտուղարության, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն: Արդյո՞ք այստեղ չկա ակնհայտ անհամապատասխանություն, թե ինչպես է դա տեսնում ամերիկյան կողմը և ինչպես է դրան մոտենում Ադրբեջանի կառավարությունը հարցին ի պատասխան Փրայսն ասել է.
«Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»: