«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Լորա Հոքլան:
Նախքան նոր նշանակումը Լորա Հոքլան ԱՄՆ պետքարտուղարությունում ղեկավարել է Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Լորա Հոքլան հունիսի 21-ին ուղևորվել է Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ-ի եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի համար կայուն խաղաղության հաստատման հարցերով, իսկ հունիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
ԱՄՆ պետքարտուղարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ նշանակելու մասին պաշտոնական հաղորդում չի տրամադրել։ Պետքարտուղարությունը հունիսի 28-ին տարածած հաղորդագրությամբ սոսկ տեղեկացրել է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որի անունը նշված չէր, զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։