G7-ի առաջնորդները հույս ունեն «ուղիղ հարված հասցնել ռուս օլիգարխներին» և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ֆինանսավորմանը
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան արգելք են դրել ռուսական ոսկու ներկրման վրա՝ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը խստացնելու և Ուկրաինա ներխուժման ֆինանսավորումը խափանելու ջանքերի շրջանակներում: Ֆրանսիան ևս աջակցել է այս քայլին։
G7-ի գագաթնաժողովը, որը տեղի է ունենում այս շաբաթ Բավարիայի Ալպերում գտնվող Էլմաու ամրոցում, կենտրոնանում է Ուկրաինայում պատերազմին և ամբողջ աշխարհում սննդի և էներգիայի մատակարարումների վրա դրա ազդեցությանը:
Կիրակի օրը G7-ի գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանին հակազդելու համար նրանք պետք է միասնաբար հանդես գալ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ասել է, որ ոսկու ներմուծման արգելքի հարցում անհրաժեշտ է զգույշ մոտեցում որդեգրել, քանի որ առկա է հակառակ արդյունքի վտանգը: Այնպես որ դեռ պարզ չէ, թե արդյոք այս հարցում կլինի կոնսենսուս, թե ոչ:
«Մենք պատրաստ ենք որոշում կայացնել մեր գործընկերների հետ միասին, բայց ցանկանում ենք վստահ լինել, որ այն, ինչ մենք կորոշենք, բացասական ազդեցություն կունենա (Ռուսաստանի համար), և ոչ թե բացասական ազդեցություն մեզ համար»,- ասել է Միշելը։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները, որոնց Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին պատժելու համար բավականաչափ ջանքեր չգործադրելու մեջ, նույնպես «շատ կառուցողական» բանակցություններ են վարել ռուսական նավթի ներկրման սահմանափակման շուրջ, ավելի վաղ հայտնել է գերմանական կառավարության աղբյուրը:
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո կանցլեր Շոլցը խոստացավ հզորացնել գերմանական զինված ուժերը և զենք ուղարկել Ուկրաինա։ Այդ ժամանակվանից, սակայն, քննադատները նրան մեղադրում են դանդաղ գործելու մեջ։
Երկկողմ հանդիպման սկզբում Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Ուկրաինային օգնելու գործում նրա առաջնորդության համար և ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել ոչնչացնել իրենց միասնությունը։
Շոլցն ասել է, որ գագաթնաժողովի հիմնական նպատակն է հասկացնել, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, այլ ոչ թե արևմտյան պատժամիջոցները, ինչպես կեղծ պնդում է Կրեմլը, գների աճի և համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառներն են:
Մեծ Բրիտանիան իր հերթին հայտարարեց, որ ռուսական ոսկու ներմուծման արգելքը ուղղված է հարուստ ռուսաստանցիների դեմ, ովքեր գնում են ոսկու ձուլակտորներ՝ նվազեցնելու արևմտյան պատժամիջոցների ֆինանսական ազդեցությունը: Անցյալ տարի ռուսական ոսկու արտահանումը կազմել է 12,6 մլրդ ֆունտ ստերլինգ (15,45 մլրդ դոլար):
«Միջոցառումները, որոնք մենք այսօր հայտարարեցինք, ուղղակիորեն կհարվածեն ռուս օլիգարխներին և հարված կհասցնեն Պուտինի ռազմական մեքենայի սրտին», - ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ: «Պուտինյան ռեժիմին պետք է զրկենք ֆինանսավորումից: Դա այն է, ինչ անում են Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները»:
Կիրակի օրը, երբ ռուսական հրթիռները վնասեցին Կիևում բնակելի շենքն ու մանկապարտեզը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ G7-ը պետք է պատասխանի Մոսկվայի գործողություններին Կիևին ավելի շատ զենք տրամադրելով և Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներով:
Ինչպես նշվում է G7-ի գագաթնաժողովի մամլո հաղորդագրության մեջ, առաջատար արևմտյան երկրները պատրաստ են տրամադրել կամ խոստացել են և արդեն տրամադրել են մինչև 29,5 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն Ուկրաինային 2022 թվականին՝ Կիևին օգնելու փակել բյուջետային ճեղքվածքը։ Այս աջակցությունը խիստ անհրաժեշտ է և լրացնում է 2014-2021 թվականներին տրամադրված տնտեսական աջակցությունը, որը գերազանցել է 60 միլիարդ դոլարը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա