Մատչելի հղումներ

G7-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները հեռավար հանդիպում են անցկացրել Ուկրաինայի հարցով


Սպիտակ տան և Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից հայտարարված հանդիպման թեմաներն են հետագա օգնությունը Կիևին և Կրեմլի դեմ նոր պատժամիջոցները։

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցավ տեսակոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ, որին մասնակցում էին նախագահ Ջո Բայդենը և Միացյալ Նահանգների դաշնակից ու գործընկեր երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները։

Նախագահ Բայդենի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Ուկրաինային աջակցելուն և ռուսական ռազմական ներխուժմանը հակազդելուն ուղղված միջոցառումները։ Հանդիպման թեման նախապես հայտնվել է Սպիտակ տան՝ ավելի վաղ հրապարակված հայտարարության միջոցով։

«Նախագահը դաշնակիցների և գործընկերների հետ անվտանգ տեսակապով կքննարկի Ուկրաինային շարունակական աջակցությունը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը՝ մեր միջև սերտ համակարգման շրջանակում», - ասվում է փաստաթղթում:

Հանդիպման նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետի մամլո ծառայությունը հայտնել է, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է բարձրացնել Կրեմլի դեմ նոր պատժամիջոցների հարցը։

«Պատերազմի հաջորդ փուլը [Ուկրաինայում], հավանաբար, կլինի քայքայման պատերազմ, որը կարող է տևել մի քանի ամիս», - ասվում է բրիտանական կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Ռուսաստանը կփորձի օգտագործել իր կենդանի ուժի թվային առավելությունը, սակայն Ուկրաինան արդեն ցույց է տվել, որ այդ գործոնն ինքնին դժվար թե որոշիչ լինի։ Կան որոշ ազդանշաններ, որ Ռուսաստանը դասեր չի քաղել Ուկրաինայի հյուսիսում իր նախկին սխալ քայլերից»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG