ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող զենք-զինամթերքի և անվտանգության այլ աջակցության մատակարարումները վերջերս ընդունած 800 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մաս է, որն արդեն սկսել է ժամանել Ուկրաինա, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության սեփական աղբյուրներին:
CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա սկզբին հավանություն է տվել Ուկրաինային զենք-զինամթերքի լրացուցիչ խմբաքանակի տրամադրմանը։
Վաշինգտոնն առաջին անգամ համաձայնեց Կիևին տրամադրել այնպիսի հզոր զինատեսակներ, որոնք մի քանի շաբաթ առաջ Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաներ համարում էին էսկալացիայի ռիսկ, ներառյալ 11 Մի-17 ուղղաթիռ, 18 հաուբիցաներ 155 մմ տեսակի և ևս 300 Switchblade անօդաչու թռչող սարքեր:
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ զենքերով և տեխնիկայով բեռնված օդանավը տարածաշրջան պետք է հասներ մոտակա 24 ժամվա ընթացքում, որից հետո նախատեսվում էր այն հանձնել սահմանին գտնվող Ուկրաինայի ներկայացուցիչներին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին շաբաթ օրը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և մի շարք այլ երկրներ «այսօր շատ լավ են» աջակցում ուկրաինացիներին, սակայն կարող են էլ ավելի հզոր զինատեսակներ տրամադրել։
Հոդվածը պատրաստվել է ''Ազատություն'' ռադիոկայանի նյութի հիման վրա