Մատչելի հղումներ

Ուկրաինան զենքի նորանոր խմբաքանակ է խնդրում ՆԱՏՕ-ից


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի օրը հերքել է այն փաստը, որ որոշ երկրներ չեն ցանկանում զենք մատակարարել Ուկրինային, այս հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորությունից խույս տալու համար: Նրա խոսքերով, Ուկրաինային զենք տրամադրելու դեպքում ուկրաինացիները կկռվեն այնպես, որ ուրիշների կարիքը չի լինի:

«Կարծում եմ, գործարքը, որն առաջարկում է Ուկրաինան, արդար է. դուք մեզ զենք եք տալիս, մենք զոհում ենք մեր կյանքը, այսպիսով կասեցնելով պատերազմը հենց Ուկրաինայում», - ասել է Կուլեբան:

Նա Բրյուսելում ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների միջեւ անցկացված հանդիպումից առաջ: Ստոլթենբերգն ասել է, որ դաշնակիցները կապահովեն Ուկրաինայի հակաօդային եւ հակատանկային պաշտպանության պահանջները:

«Որքան շատ զենք ստանանք, և որքան շուտ դրանք հասնեն Ուկրաինա, այնքան ավելի մեծ թվով մարդկային կյանքեր կփրկվեն, ավելի քիչ թվով քաղաքներ կկործանվեն», - ասել է Կուլեբան:

Կուլեբան ողջունել է Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցները, սակայն կոչ է արել հետագա միջոցներ ձեռնարկել, ներառյալ ռուսական նավթի և գազի ամբողջական բեռնարգելքը: Հորդորել է արգելափակել բոլոր ռուսական բանկերը SWIFT բանկային համակարգից և փակել նավահանգիստները ռուսական նավերի և ապրանքների առջեւ:

Միացյալ Նահանգները և արևմտյան դաշնակիցները չորեքշաբթի օրը հայտարարեցին Ռուսաստանի դեմ «նոր, խիստ և անհապաղ տնտեսական պատժամիջոցների» մասին: Դաշնակից երկրները արգելում են ամերիկյան ներդրումները Ռուսաստանում, լիովին արգելափակում են այս երկրի խոշորագույն ֆինանսական հաստատությունները եւ թիրախավորում Վլադիմիր Պուտինի չափահաս զավակների ֆինանսական կարողությունները:

XS
SM
MD
LG