Մատչելի հղումներ

Վաշինգտոնը պաշտպանում է Ուկրաինայում ցեղասպանության միջազգային հետաքննության գաղափարը


Պետքարտուղարության ներկայացուցիչը չի հաստատել, որ Վաշինգտոնը սեփական հետաքննություն կանցկացնի Ուկրաինայի տարածքում հնարավոր ցեղասպանության վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայում հնարավոր ցեղասպանության իրագործման հարցում Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար միջազգային ջանքերին, սակայն չխոստացավ սկսել սեփական հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք ռուս զինվորականները ցեղասպանություն են իրականացրել Ուկրաինայում։

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հավասարազոր է ցեղասպանության՝ այսպիսով սրելով իր հռետորաբանությունը։

Չորեքշաբթի օրը պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Բայդենի մեկնաբանություններն արտացոլում են ԱՄՆ վարչակազմի ընդհանուր դիրքորոշումը, սակայն ասել է, որ նախագահը «խոսել է այն տպավորության մասին, որ ստացել է այն սարսափելի կադրերից, որոնք մենք բոլորս տեսել ենք» ռուսական ագրեսիայի ենթարկված Ուկրաինայի քաղաքներում:

Սակայն Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին այսօր ասել է, որ Բայդենի վարչակազմը լրացուցիչ կքննարկի հնարավոր ցեղասպանության վերաբերյալ սեփական պաշտոնական հետաքննության հարցը։

Փրայսը ասել է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային արդարադատության ջանքերին՝ պարզելու, թե արդյոք Մոսկվայի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը, սակայն չի հաստատել, որ Վաշինգտոնը կանցկացնի սեփական հետաքննությունը:

«Այն, ինչ մենք անում ենք, ամենաարդյունավետ միջոցն է՝ պատասխանատվության ենթարկման վերջնական նպատակին հասնելու համար», - ասել է Փրայսը:

Որպես կանոն, պետքարտուղարությունը նման որոշումներ է ընդունում միայն մանրակրկիտ ներքին հետաքննությունից հետո։ Վերջնական որոշումը ԱՄՆ պետքարտուղարին է, ով պետք է որոշի, թե արդյոք դա բխում է ԱՄՆ շահերից, ավելի վաղ հայտնել էին պետքարտուղարության աղբյուրները։

Հիշեցնենք, որ Կրեմլը հայտարարել էր, որ կտրականապես համաձայն չէ Բայդենի կողմից Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները «ցեղասպանություն» որակելու հետ, և այդ մեղադրանքները որակում կեղծ։

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG