Մատչելի հղումներ

Բայդեն. Այն, ինչ տեղի ունեցավ Բուչայում, հրեշավոր է 


Նախագահը կոչ է անում դատել նրանց, ովքեր ներգրավված են ռազմական հանցագործությունների մեջ

Նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին հերթական անգամ անվանել է ռազմական հանցագործ։ Երկուշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Բայդենը կոչ արեց դատել պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին:

«Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ Բուչայում», - ասել է Բայդենը: «Սա նրա (Վլադիմիր Պուտինի) հրամանն է. նա ռազմական հանցագործ է»:

Ռուսական զորքերի հեռանալուց հետո Կիևի մոտ հայտնաբերվել է զանգվածային գերեզման և մոտ տարածությունից գնդակահարված մարդկանց դիակներ: ԱՄՆ-ը և Եվրոպան լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Մոսկվայի դեմ:

«Մենք պետք է տեղեկատվություն հավաքենք։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային մատակարարել այնպիսի զենքեր, որոնք անհրաժեշտ են նրանց (ուկրաինացիներին)՝ պայքարը շարունակելու համար։ Եվ մենք պետք է ստանանք բոլոր մանրամասները, որպեսզի լինի իրական պատերազմական հանցագործությունների դատավարություն»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

«(Պուտինը) դաժան է: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Բուչայում, հրեշավոր է, և բոլորը դա տեսան», - հայտարարել է նախագահ Բայդենը:

Հոդվածը պատրաստվել է Reuters-ի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG