Մատչելի հղումներ

ԱՄՆ. Ռուսաստանի դեֆոլտը ցույց տվեց պատժամիջոցների ազդեցությունը նրա տնտեսության վրա


Կրեմլն ասում է, որ Մոսկվան դեֆոլտի պատճառ չունի, սակայն պատժամիջոցների պատճառով չի կարող գումար ուղարկել պարտատոմսերի սեփականատերերին

Ռուսաստանը 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո առաջին անգամ չվճարեց իր արտաքին պետական պարտատոմսերը, քանի որ զանգվածային պատժամիջոցները փաստացիորեն կտրեցին երկիրը համաշխարհային ֆինանսական համակարգից:

ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնյան երկուշաբթի ասել է, որ դեֆոլտը ցույց է տալիս, թե պատժամիջոցները որքան վատ են անդրադառնում Ռուսաստանի տնտեսության վրա։ Պաշտոնյան այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում, մինչդեռ Սպիտակ տունը հրապարակել է տեղեկատվություն, որտեղ մանրամասն ներկայացված են G7-ի հնարավոր գործողությունները՝ Ուկրաինային աջակցելու և Մոսկվայի նավթային եկամուտները սահմանափակելու մասին։

«Ռուսաստանի դեֆոլտի մասին այսօրվա լուրը, որն առաջինն է վերջին մեկ դարում, ցույց է տալիս, թե որքան ազդեցիկ են Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, և ինչ լուրջ ազդեցություն է այն ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»,- Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցում ավելացրել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ որոշ պարտատոմսերի սեփականատերեր հայտնել էին, որ երկուշաբթի օրը ժամկետանց արժեկտրոններ չեն ստացել, երբ վճարման վերջնաժամկետը լրացել է նախորդ օրը:

Կրեմլը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը դեֆոլտի պատճառ չունի, սակայն պատժամիջոցների պատճառով չի կարող գումար ուղարկել պարտատոմսերի սեփականատերերին։ Մոսկվան մեղադրել է Արևմուտքին արհեստական դեֆոլտ ստեղծելու փորձի մեջ։

Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ թայվանցի որոշ պարտատոմսերի սեփականատերեր երկուշաբթի օրը չեն ստացել իրենց վճարումները:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG