Ամերիկացի փորձագետները Ազովստալ գործարանի տարածքից ուկրաինացի զինվորականներին տարհանելու վերաբերյալ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը Մարիուպոլի Ազովստալը պաշտպանող 265 ուկրաինացի զինվորականներ, որոնցից ավելի քան 50-ը ծանր վիրավոր, տարհանվել են գործարանից։
Ռուսական հրետանին մի քանի շաբաթ շարունակ ռմբակոծում էր Մարիուպոլը, մինչդեռ Ազովստալը շրջափակման մեջ էր։ Նրա տարածքում ապաստանել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ ուկրաինացի զինվորականներ։ Ավելի վաղ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պլանավորում գրոհել գործարանը: Մայիսի 16-ին զինվորականների հեռացման մասին տեղեկությունը հաստատել են երկու կողմերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ 51 մարդ փոխադրվել է Նովոազովսկի հիվանդանոց՝ այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» տարածք, իսկ Ազովստալի մնացած զինվորականները տեղափոխվել են Ելենովկայի բանտ։ Նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի «փրկել տղաների կյանքը»՝ զինվորականներին որակելով հերոսներ։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին անվանել է «հանցագործներ» և հորդորել փոխանակում չանել գերի ընկած ռուսների հետ։
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում շեշտել է. «Այս հերոս տղեները արժանի են, որ նրանց կյանքը փրկվի: Կարևոր է հասկանալ, որ նրանք բավականին երկար ժամանակ կատարել են հրաման: Պաշտպանել են Մարիուպոլը և Ազովստալի ամրոցը: Մարիուպոլում առայսօր ծածանվում է ուկրաինական դրոշ»,- նշել է քաղաքապետը:
Նրա խոսքերով՝ Ազովստալի պաշտպաններոը դիմադրել են տասնյակ անգամ գերազանցող ուժերին՝ հավելելով, որ նրանք կռվել են գրեթե առանց ջրի, հացի ու քիչ զենքով: Կարևոր է հասկանալ, որ նրանք ոչ միայն պաշտպանել են քաղաքը, բայց նաև ստիպել հակառակորդին այստեղ պահել 20-30 հազարանոց պրոֆեսիոնալ բանակային խմբավորում, որը կանգ առավ այստեղ՝ առաջ շարժվելու փոխարեն, պնդում է քաղաքապետը:
«Դա հնարավորւոյւն տվեց ուկրաինական բանակի այլ ստորաբաժանումների և այլ քաղաքների ավելի լավ պատրաստվել պատերազմին»,- ասում է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն:
Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին, մեկնաբանելով Ազովստալի պաշտպանների հանձման մասին հաղորդումները, ասել է, որ նախագահ Պուտինը շփոթմունքի մեջ էր, երբ Հաղթանակի օրվա իր ելույթում չկարողացավ ասել, որ Ռուսաստանը գրավել է ամբողջ Մարիուպոլը: Ըստ նրա՝ Ռուսաստանը գնաց զիջման՝ թույլ տալով ուկրաինացի զինվորներին խուսափել մահից։ «Ուկրաինացիները շատ ռուս ռազմագերիներ ունեն, ինչը նշանակում է, որ Ուկրաինան այս փոխանակման մեջ մեծ լծակներ ունի»,- ասել է նա։
Գնահատելով Պետդումայի նախագահ Վոլոդինի մեկնաբանությունը՝ Քորթնին գտնում է, որ փոխանակումը դեռևս հնարավոր է: Ըստ նրա՝ դեռ վաղ է ասել, որ այն, ինչ ասում է Վոլոդինը, իրականում տեղի կունենա: «Այս պատերազմում այնքան շատ անակնկալներ եղան, և «Ազովստալի» մարտիկների տարհանումը դրանցից մեկն էր: Սպասենք ու տեսնենք։ Չպետք է մոռանալ, որ ուկրաինացիները շատ ավելի շատ ռուս զինվորներ են գերել, քան Ռուսաստանը՝ ուկրաինացիների։ Այնպես որ, Ռուսաստանը մոտիվացիա ունի ինչ-որ համաձայնագիր մշակելու, գուցե ուշացմամբ»,- պնդում է նա՝ հավելելով, որ ուկրաինական կողմը կարող է հրաժարվել գերիների փոխանակումից, քանի դեռ չեն փոխանակվել Ազովստալցի մարտիկները։ Ըստ նրա՝ նկատվում է, որ Ուկրաինան ավելի շատ է գնահատում իր զինվորներին, քան Ռուսաստանը։
«Վոլոդինը տեղեկատվության լավագույն աղբյուրը չէ։ Եթե նա ասեր, որ երկինքը կապույտ է, ես կնայեի վեր՝ ստուգելու։ Սա առաջինն է։ Երկրորդ՝ երբ զինվորականները գերի են ընկնում թշնամու կողմից, նրանք դառնում են ռազմագերի։ Սակայն, եթե Ռուսաստանը պատրաստվում է պնդել, որ ուկրաինացիները ռազմագերի են, դա նշանակում է, որ Ռուսաստանը ներկայումս պատերազմում է Ուկրաինայի հետ։ Եվ այստեղ մի մեծ խնդիր կա: Մոսկվան չի ցանկանում խոստովանել, որ պատերազմական իրավիճակում է: Ռուսաստանում ձերբակալում ու պատժում են այն մարդկանց, ովքեր արտաբերում են պատերազմ բառը այս համատեքստում։ Կառավարությունը պնդում է, որ այն կոչվում է «հատուկ ռազմական գործողություն»,- իր հերթին նշել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական, վելուծաբան Փոլ Գոբլը։
«Պատերազմի օրենքները թույլ են տալիս կողմերից յուրաքանչյուրին գերի վերցնել և նրանց հետ վարվել Ժնևի կոնվենցիաների և գերի ընկած զինվորների և սպաների հետ վարվելու տարբեր կանոնների համաձայն, բայց դրանք չեն ենթադրում պարտադիր փոխանակման պայմանագիր, շարունակում է Գոբլը:
Ըստ նրա՝ երբ երկու կողմերն էլ ունեն բանտարկյալներ, նրանք կարող են բանակցել։ Կան կանոններ, որոնք կարգավորում են փոխանակումը: Բայց եթե կողմերից մեկը հրաժարվի, ինչպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, ապա միջազգային իրավունքը չի կարող ազդել դրա վրա: Գոբլի կարծիքով՝ եթե Ռուսաստանը գերի ընկած զինվորներին անվանում է «ռազմագերիներ», ապա դա նշանակում է, որ Կրեմլն ընդունում է, որ սա պատերազմ է։ Իսկ եթե սա պատերազմ է, ուրեմն կան հետևանքներ, պնդում է Գոբլը։