Կիրակի օրը, մայիսի 9-ին, մինչ ռուսական ուժերը շարունակում էին ինտենսիվ ռմբակոծությունները Մարիուպոլ քաղաքի Ազովստալ պողպատի գործարանի վրա, ավերված բազմաբնակարան շենքերի բնակիչները ստիպված էին ճաշել դրսում:
Նավահանգստային քաղաքը վերջին գրեթե 3 ամսվա պատերազմի ընթացքում ամենածանր մարտերի մեջ է եղել և այժմ գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Ազովստալ պողպատի գործարանը ուկրաինական ուժերի վերջին հենակետն է։
Կիևը հայտնում է, որ հավանական է, որ Մարիուպոլում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանի կողմից քաղաքը պաշարելուց հետո: Մարիուպոլում շաբաթներ առաջ դադարեցվել էին սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման մատակարարումները:
«Ապրիլի 4-ի ուժեղ հրետակոծության արդյունքում, սկզբում այրվել է իմ դիմացի տունը, իսկ օրվա երկրորդ կեսին այրվել է մեր տունը: Ես խոհանոցում էի, երբ նկատեցի ծուխ և սկսեցի դուրս տանել իրերս,» պատմում է այրված շենքերից մեկի բնակիչ Նատալյան:
Նա նաև պատմում է, որ հարևաններից 3-ը զոհվել են մարտերում, սակայն շենքում ողջ մնացածները նույնիսկ չեն կարողացել թաղել նրանց մարմինները, քանի որ հրետակոծությունը շարունակվում էր:
«Ամեն օր մի նոր մարդ էինք գերեզման տանում, բայց հրետակոծության պատճառով չէինք կարողանում հողով ծածկել նրանց»:
Նատալյան ասել է, որ տան մնացած բնակիչները մի քանի օր անցկացրել էին նկուղում՝ փորձելով պայքարել կրակի դեմ, որպեսզի նկուղը չբռնկվի: Ջրամատակարարման վերջանալուց հետո, բնակիչներն ինքնուրույն սկսել էին հավաքել և զտել անձրևաջրերը։
Նատալյան «Reuters»-ին հայտնել է, որ շփոթված է և չգիտի, թե ինչ անի:
«Ես դեռ այս ամենի պատճառով շոկի մեջ եմ: Չեմ կարող ասել, թե հետո ուր եմ գնալու։ Ինչ-որ տեղ գնալը գումարի առումով բարդ է, իսկ մենք ընդհանրապես գումար չունենք»։
Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա: