Մատչելի հղումներ

Մարիուպոլն` անկման փուլում. Արեւմուտքն ուժգնացնում է ճնշումներն ընդդեմ Մոսկվայի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարի հետ հեռավար հանդիպման ժամանակ հրամայել է իր ուժերին դադարեցնել ուկրաինական Մարիուպոլ քաղաքում գտնվող պողպատի գործարանի դեմ գրոհները, որտեղ պատսպարվել են այս քաղաքի պաշտպան ուկրաինական վերջին ուժերը:

«Սա այն դեպքն է, երբ պետք է մտածել մեր զինվորների ու սպաների կյանքը պաշտպանելու մասին: Կարիք չկա բարձրանալ այս կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ այս արդյունաբերական օբյեկտների միջով: Արգելափակեք այս արդյունաբերական տարածքը, որպեսզի նույնիսկ մի ճանճ չանցնի», ասել է Պուտինը:

Այս երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ Պուտինին ասել է, որ «Ազովստալ» գործարանում ուկրաինացի մոտ 2000 զինվորական կա, սակայն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մարիուպոլ նավահանգստային քաղաքի մնացյալ մասը, ասել է նա, ‘’ազատագրվել’’ է:

Ըստ որոշ հաշվարկների, Մարիուպոլում այս պահին կա ավելի քան

100 հազար մարդ, քաղաք, որը մինչեւ Ռուսաստանի կողմից փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունները, ուներ ավելի քան 400 հազար բնակիչ:

Այս ընթացքում ուժեղանում են Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները: Գերմանիան պատրաստվում է մինչեւ այս տարվա թվականի ավարտն աստիճանաբար դադարեցնել ռուսական նավթի ներկրումները: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Չորեքշաբթի օրը Լատվիայում Բալթյան երկրների իր գործընկերների հետ հանդիպումից հետո Բերբոքն ասել է, որ Գերմանիան մինչեւ այս ամառ ռուսական նավթի ներմուծման ծավալները կկրճատի երկու անգամ:

Նա ընդունել է, որ այս հարցում Գերմանիան նախկինում թույլ է տվել սխալներ, եւ ավելացրել է, որ եկել է այդ սխալն ուղղելու ժամանակը:

Գերմանիայի արտգործնախարարը նաեւ կոչ է արել, որ Եվրամիության մյուս երկրները նույնպես դիմեն այս քայլին` ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման:

Եվ քանի դեռ այստեղ մարտերն ավելի են թեժանում, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Ուկրաինայի համար 800 միլիոն դոլարի համարժեք ռազմական հավելյալ առաքումներ կատարելու մասին: Բայդենը հայտարարում է, որ ռազմական այդ առաքումները Կիևին կօգնեն Դոնբասի շրջանում ռուսական ուժերի դեմ պայքարում։

«Այս փաթեթը ներառում է ծանր հրետանային զենքեր, տասնյակ հաուբիցներ և հաուբիցների 144,000 փամփուշտ’’, ասել է Բայդենն ու հավելել, որ այս առաքումների մեջ են մտնելու նաեւ ավելի մեծ թվով մարտավարական անօդաչու թռչող սարքեր:

Հոդվածը կազմված է ''Ռոյթերս'' եւ ''Ֆրանս պրես'' գործակալություններից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

XS
SM
MD
LG