Մատչելի հղումներ

Ըստ Ջոզեֆ Բորելի՝ չկան երաշխիքներ, որ ԵՄ-ը համաձայնության կգա Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների շուրջ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

Դաշինքի մի քանի երկրներ՝ Հունգարիայի գլխավորությամբ, դեմ են Ռուսաստանից նավթի ներկրման արգելքին

ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ասել է, որ երաշխիք չկա, որ ԵՄ դաշինքը կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, քանի որ Հունգարիայի գլխավորությամբ դաշինքի երկրների մի փոքր խումբ դեմ է նավթի էմբարգոյին։

Մինչ ԵՄ առաջնորդները շարունակում են ճնշում գործադրել ռուսական նավթի էմբարգոյի հարցում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ իր երկիրը չի աջակցի այն պատժամիջոցները, որոնք բացասաբար են անդրադառնում Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա:

Ելույթ ունենալով Հունգարիայի խորհրդարանում՝ նա ասել է, որ Հունգարիան չի արգելափակի ԵՄ պատժամիջոցները, քանի դեռ դրանք «չեն անցնում Հունգարիայի տնտեսական պաշտպանության կարմիր գիծը»։

«Եվրամիության առաջնորդները համոզված են, որ եվրոպական պատժամիջոցները կարող են ծնկի բերել Ռուսաստանին, բայց որքան էլ ես փորձեմ, չեմ կարող հիշել, որ որևէ մայրցամաքային շրջափակում հաջողություն ունենա»,- պնդել է Օրբանը։

Նրա կառավարությունը հաստատակամ է մնում ռուսական էներգակիրների արտահանման դեմ պատժամիջոցները մերժելու հարցում:

ԵՄ-ն ավելի վաղ առաջարկել էր երկարաձգել Հունգարիայի համար՝ ռուսական նավթից հրաժարվելու վերջնաժամկետը, սակայն դա չի ազդել Բուդապեշտի կառավարության որոշման վրա:

Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առաջարկել է Ուկրաինայի պատերազմի հետ կապված պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է Ռուսաստանից նավթի ներկրման արգելք։ Դեպի ծով ելք չունեցող Հունգարիան մի քանի երկրների հետ մեծապես կախված է ռուսական նավթից: Նրանց թվում են նաև Չեխիան և Սլովակիան։ Բուլղարիան նույնպես որոշակիորեն տատանվում է այս հարցում:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելն ասում է, որ դաշինքը կանի ամեն ինչ իրավիճակը կարգավորելու համար, սակայն ըստ նրա չկա ոչ մի երաշխիք, որ դա տեղի կունենա:

Բորելը այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը, երբ պատրաստվում էր նախագահել դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Ըստ նրա, «որոշ անդամ երկրներ բախվում են ավելի զգալի դժվարությունների, քանի որ նրանք ելք չունեն դեպի ծով… և ունեն միայն նավթ, որը գալիս է խողովակաշարերով Ռուսաստանից»:

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ «ամբողջ միությունը պատանդ է պահվում մեկ անդամ պետության կողմից»։ Նրա խոսքով՝ Հունգարիայի նման երկրներին խնդրել են հրաժարվել ռուսական նավթից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, և «բոլորն ակնկալում են, որ դա բավարար ժամանակ է»։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG