Մատչելի հղումներ

Եվրահանձնաժողովի ղեկավարը` Ուկրաինային. «Եվրոպայի ապագան ձեր ապագան է»


Արդեն հունիսին ԵՄ-ի ղեկավարությունը կհայտնի դաշինքին միանալու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ իր կարծիքը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Եվրոպայի ապագան նաև Ուկրաինայի ապագան է։ «Մեր ժողովրդավարության ապագան նաև ձեր ժողովրդավարության ապագան է», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը` ելույթ ունենալով Ստրասբուրգում:

Մայիսի 8-ին Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների միջեւ տեսահանդիպումից հետո, որին հրավիրված էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հրապարակվեց 17 կետից բաղկացած հատուկ հայտարարություն, որում աշխարհի առաջատար տնտեսություններն իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մեծ յոթնյակի երկրները առաջիկա շաբաթների ընթացքում կավելացնեն հավաքական կարճաժամկետ ֆինանսական աջակցությունը Ուկրաինային՝ օգնելու այս երկրին փակել ֆինանսավորման բացը և մշակել տարբերակներ՝ աջակցելու Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնմանն ու վերակառուցմանը:

Մեծ յոթնյակի ղեկավարները նշել են, որ այս կառույցը և Ուկրաինան «միասնական են այս դժվարին պահին և միասնական են Ուկրաինայի համար ժողովրդավարական և բարգավաճ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ»:

«Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու... Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հանուն բոլոր նրանց, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պայքարել են ազատության համար, մենք պետք է շարունակենք պայքարել հանուն դրա այսօր՝ հանուն Ուկրաինայի ժողովրդի, Եվրոպայի և համաշխարհային հանրության»,- ընդգծվում է փաստաթղթում։

Սույն հոդվածը կազմված է ''Ռոյթերս''-ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

XS
SM
MD
LG