Մատչելի հղումներ

«Ուկրաինան ավելի հին է, քան Ռուսաստանը». Չեխիայի արտգործնախարար


Վաշինգտոնում այցով գտնվող Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հարցազրույց է տվել Ամերիկայի ձայնի թղթակցին

Ուկրաինան իրավունք ունի մաս կազմելու եվրոպական հասարակության և դառնալու ԵՄ անդամ, Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում այցով գտնվող Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին: Վաշինգտոնում արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենին ու քննարկել պաշտպանության, էներգետիկ անվտագության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր:

Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցում արտգործնախարարը համուզմունք է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի ընթացող պատերազմում: Լիպավսկին վստահ է՝ պատերազմի ավարտից և Ուկրաինայի հաղթանակից հետո, միջազգային հանրությունը կօգնի Ուկրաինային՝ վերակառուցել և վերականգնել երկիրը, իսկ օգնության ամենազգալի մասը կհատկացնի Եվրոպան՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան գտնվում է եվրոպական հարևանությամբ:

«Եկեք դա անենք այնպես, որ այնուհետև Ուկրաինան կարողանա դառնալ ԵՄ անդամ»,- կոչ է արել Չեխիայի արտգործնախարարը:

Ըստ նրա՝ ուկրաինացիները որպես ազգ որոշում են կայացրել կիսել եվրոպական արժեքները և այժմ «կռվում են ու զոհվում իրենց ընտրության համար»: Նա կոչ է անում օգնել ուկրաինացիների՝ եվրոպական ուղեգծի ընտրությանը։

«Դա մեկ օրվա խնդիր չէ, դա երկար գործընթաց է։ Կան շատ երկրներ, որոնք կցանկանային անդամակցել ԵՄ-ը, բայց խնդիրն արժեքներն են և մտածելակերպը, որի վրա հիմնվում է արժեքային համակարգը: Դա նույնպես վերաբերում է ինքնությանը: Մեր արժեքները ինքնության մի մասն են»,- նշել է արտգործանախարարը։

Նրա խոսքով՝ եվրոպական ինքնությունը կառուցված է այն տեսլականի վրա, որ յուրաքանչյուր մարդ ընտրում է երջանիկ լինելու իր սեփական ճանապարհը կամ երջանկությունը: Այն հիմնվում է այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու իրավունքները, մտքի և խոսքի ազատությունն ու իրավունքը: Նա գտնում է, որ նման ինքնություն կամ արժեքներ բացակայում են, օրինակ, Ռուսաստանում կամ Չինաստանում, որտեղ պետությունները վերևից ներքև փորձում են վերահսկել կյանքի բոլոր ոլորտները, քաղաքական կյանքն ու հասարակությունը։

«Եվրոպական հասարակություններն այս կերպ չեն գործում։ Մենք ունենք բաց բանավեճ, որի միջոցով գտնում ենք խնդիրների լավագույն լուծումները»,- պնդում է արտգործնախարար Լիպավսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն։ Այն, որ ռուսական բանակը չգրավեց Կիևը, պատճառաբանվում է նրանով, որ ուկրաինացի զինվորականները պայքարեցին և պարտության մատնեցին նրանց, նշում է նա՝ շեշտելով՝ այլ պատճառ չկա, քանի որ որևէ լուրջ բանակցություն այս ուղղությամբ չի եղել։

«Այժմ նրանք փոխել են իրենց ծրագրերը և հարձակվել Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածների ուղղությամբ՝ դեպի Դոնբաս»,-ասում է նա:

Չեխիայի արտգործնախարարի կարծիքով Մոսկվան այսօր վարում է քաղաքականություն, որը հիմնված է կայսերական Ռուսաստանի տեսլականի վրա:

«Պուտինն ապրում է իր խորհրդային ժամանակաշրջանի երազանքների մեջ, քանի որ խորհրդային տարիներին հանդիսացել է ՊԱԿ-ի սպա։ Նա իսկապես հավատում է դրան։ Պուտինն ասել է, որ Ուկրաինան ստեղծել է Լենինը, ինչը միանշանակ անհեթեթություն է։ Ուկրաինան ավելի հին է, քան Ռուսաստանը, եթե նայենք հարյուր տարի առաջ: Մենք պետք է գիտակցենք, որ Պուտինը և մոսկովյան վերնախավը հետևում են իրենց շահերին, և կանեն այն ամենը, ինչն իրենց ձեռնտու է»,- պնդում է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը:

Նրա կարծիքով՝ ռուսաստանցիները խաբված են և ենթարկվում են մանիպուլյացիայի ռուսական քարոզչամեքենայի կողմից: Դժվար է տարանջատել պետությունը, ազգը և քարոզչությունը այնպիսի «օրվելյան» համակարգում, ինչպիսին գոյություն ունի Ռուսաստանում կամ Չինաստանում, պնդում է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Ամերիկայի ձայնի հետ զրույցում:

XS
SM
MD
LG