Զատկի պատարագին սովորաբար ուրախությամբ լցված օրն այս անգամ մռայլ է, Ռուսաստանի կողմից շարունակվող անողոք հարձակումների պայմաններում: Ինչպես երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է ասել, շուտով ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ պաշտպանության նախարարի կողմից այստեղ կատարվելիք այցի ընթացքում քննարկելու են Ուկրաինային անհրաժեշտ զինատեսակների ցանկը և մատակարարման ժամկետները։
Զելենսկին կրկին կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին այցելել իր երկիր, երբ այստեղ անվտանգության իրավիճակը բարելավվի:
Կիրակի օրը, հանդես գալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում, ուկրաինացի խորհրդարանական Եվհենիա Կրավչուկը ներկայացրեց, թե ինչ է իր երկիրն ակնկալում այս հանդիպումներից: ‘’Դա ծանր սպառազինությունն է, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները և, իհարկե, ֆինանսական օգնությունը», ասել է նա: Կրավչուկը հավելել է, որ ծանր, հարձակողական զենքերը կօգնեն ազատագրել շրջափակված ուկրաինական քաղաքները, որոնցից մեկն է Մարիուպոլը:
Ռուսաստանը շարունակում է իր պատերազմն անվանել «հատուկ ռազմական գործողություն» և հերքում, որ թիրախավորում է խաղաղ բնակիչներին։ Իսկ Չեռնիհով քաղաքում անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերն ավերված բնակելի շենքերի մասին պատմում են այլ պատմություն:
Մոսկվայի կողմից ներխուժման սկզբնական նպատակը Կիեւի առումն էր: ABC-ի «Այս շաբաթ» հաղորդաշարին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան գեներալ-լեյտենանտ Դուգլաս Լյութն ասում է, որ ռուսական ռազմական այդ ծրագիրը հայտնվել է ցեխի մեջ:
‘’Կիևը ռուսական հնարավորություններից վեր է։ Նրանք պարզապես չեն կարող գրավել Կիևը. Նրանք չեն կարող փոխել Զելենսկիի կառավարությունը: Պուտինն այս պահին փորձում է գնահատել, թե ինչ կարող է անել եւ թե որոնք են իր հնարավորությունները: Իսկ այժմ այդ հնարավորությունները շատ չեն’’, ասում է նա:
Խաղաղություն հաստատելու աղոթքով է հանդես գալիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Խաղաղության համար են ռումբերի պայթյունների տակ աղոթում Ուկրաիանայում: Իսկ ահա Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը աջակցում է Ուկրաինա ներխուժում իրականացնելու Պուտինի քաղաքականությունը: