Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Նախագահ Բայդենը չի պատրաստվում այցելել Ուկրաինա


Որոշ եվրոպացի առաջնորդներ նախկինում այցելել են Կիև

Նախագահ Բայդենը չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած Վոլոդիմեր Զելենսկու կոչի, երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահի [Ուկրաինա] այցելության ծրագրեր չկան: Թույլ տվեք կրկնել դա»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

Որոշ եվրոպացի առաջնորդներ նախկինում այցելել էին Կիև, որտեղ հանդիպել են նախագահ Զելենսկու հետ։ Այնուամենայնիվ, Բայդենի այցը մեծ անվտանգության խնդիր է ստեղծում ամերիկացի առաջնորդի համար։ Վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի փոխարեն Ուկրաինա կայցելի բարձրաստիճան մի պաշտոնյա, ամենայն հավանականությամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Անցյալ շաբաթ Ջո Բայդենն ասել է, որ վարչակազմը կայացնում է որոշում այս կապակցությամբ և շփոթություն առաջացրել, երբ դրական է արձագանքել լրագրողի հարցին, թե արդյոք նա կարող է մեկնել Ուկրաինա:

Երկուշաբթի օրը Ջեն Փսակին ակնարկեց, որ եթե Սպիտակ տունը ունենար նման ծրագրեր, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ դրա մասին բաց չէր հաղորդվի այս հարթակից:

Սպիտակ տան մամլո քարտուղարը նաև հաստատել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատան վերաբացման հույսեր կան, թեև կոնկրետ ժամկետներ չէր նշվում։

«Մեր նպատակը միանշանակ սա է։ Ակնհայտ է, որ տեղում դիվանագիտական ներկայությունը կարևոր է»,- ասել է Փսակին:

Կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է. «Կարծում եմ՝ Բայդենը կգա, բայց դա, իհարկե, նրա որոշումն է, բայց պետք է նայել անվտանգության հետ կապված իրավիճակին։ Նա Միացյալ Նահանգների առաջնորդն է, և դրա համար նա պետք է գա այստեղ՝ տեսնելու [ինչ է կատարվում]»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան CBS-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել նախագահ Բայդենի աջակցությունը և ասել, որ ԱՄՆ առաջնորդի այցը «կարևոր աջակցության ազդանշան կլինի»:

«Երկու նախագահների անձնական հանդիպումը կարող է նաև ճանապարհ բացել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենքի նոր առաքումների, ինչպես նաև այս հակամարտության հնարավոր քաղաքական լուծման քննարկման համար»,- հավելել է նա։

Հոդվածը պատրաստվել է Ֆրանս Փրես գործակալության (AFP) նյութի հիման վրա

XS
SM
MD
LG