Ավելի քան 30 երկրներ Ուկրաինային պաշտպանական օգնություն են ցուցաբերել, նշում է ԱՄՆ-ը պետքարտուղարությունը:
ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային ռուսական կամ խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք լուծումներ փնտրել՝ օգնելու ուկրաինացի գործընկերներին ձեռք բերել հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր և այդ համակարգերի համար անհրաժեշտ զինամթերք», - ասել է նա։
«Ես չեմ կարող մանրամասնել, բայց մենք շարունակում ենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային նոր օգնություն տրամադրելու համար, ներառյալ խորհրդային կամ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը և անհրաժեշտ զինամթերքը», - հավելել է Փրայսը:
Փրայսի խոսքով՝ ուկրաինացիներն արդեն օգտագործում են այդ համակարգերը։
«Մենք ողջունում ենք օգնությունն աշխարհի տարբեր երկրներից: Ավելի քան 30 երկիր Ուկրաինային պաշտպանական օգնություն է ցուցաբերել։ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել 14 երկրներից ամերիկյան սարքավորումների տրամադրմանը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։