Վաշինգտոնն ու Երուսաղեմը փորձում են ամրապնդել Կիևի դիվանագիտական դիրքերը Մոսկվայի հետ բանակցություններում
Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որոնք Ուկրաինայի կառավարությունը կարող է օգտակար համարել, մարտի 12-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այն բանից հետո, երբ նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ Արևմուտքը պետք է ավելի շատ ներգրավված լինի պատերազմին վերջ տալու բանակցություններում։
«Եթե կան դիվանագիտական քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, որոնք Ուկրաինայի կառավարության կարծիքով օգտակար կլինեն, մենք պատրաստ ենք դա անել», - ասել է խոսնակը: «Մենք աշխատում ենք, որպեսզի Ուկրաինան ունենա հնարավորինս ամուր դիրքեր բանակցություններում, այդ թվում՝ ուժեղացնելով ճնշումը Ռուսաստանի վրա և ռազմական օգնություն տրամադրելով ուկրաինացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու համար»:
Մարտի 12-ին Ուկրաինան հույս է հայտնել դրական արդյունքների հասնել Իսրայելի՝ խաղաղության գործընթացին ուղղված ջանքերի միջոցով: Կիևը հերքում է իսրայելական Walla News-ի, Jerusalem Post-ի և ամերիկյան Axios լրատվական կայքի այն հաղորդումները, թե իբր Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հորդորել է Կիևին՝ գնալ զիջումների ի օգուտ Մոսկվայի:
Մարտի 5-ին Բենեթը Կրեմլում երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկու անգամ հեռախոսով խոսել է Պուտինի և չորս անգամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու հետ, ասում են պաշտոնյաները։
«Ես հավատում եմ, որ (Բենեթը) կարող է կարևոր դեր խաղալ, քանի որ Իսրայելը մեծ պատմություն և զուգահեռներ ունեցող երկիր է (մեր իրավիճակի հետ), ինչպես նաև մեծ թվով բնակչությամբ Ուկրաինայից, Ռուսաստանից և Բելառուսից», - ասել է Զելենսկին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: