Մատչելի հղումներ

Պատերազմ Ուկրաինայում. Կիևն ուժեղացնում է պաշտպանությունը


Շաբաթ առավոտյան ռուս զինվորականները հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաքից 40 կմ հարավ գտնվող Վասիլկովի օդանավակայանը։

Ռուսական ուժերը շաբաթ օրը ուժեղացրել են ճնշումը Կիևի ուղղությամբ՝ զուգահեռ հարվածներ հասցնելով Ուկրաինայի այլ քաղաքների բնակելի թաղամասերին՝ հրթիռակոծված Մարիուպոլ նավահանգստային քաղաքին օգնություն հասցնելու նոր փորձերի պայմաններում, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Շաբաթ առավոտյան ռուս զինվորականների հարվածները ոչնչացրել են Կիևից մոտ 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Վասիլկով քաղաքի օդանավակայանը, որտեղ նույնպես վնասվել և հրդեհվել է նավթի պահեստը, հայտնել է քաղաքի ղեկավարը։

Մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան արվարձանները, ներառյալ Իրպենը և Բուչան, արդեն մի քանի օր շարունակ ենթարկվում են ծանր հրետակոծությունների, իսկ ռուսական բանակի զրահամեքենաները առաջ են շարժվում երկրի հյուսիս-արևելքում:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը ուրբաթ օրը Կիևը անվանել է «պաշարված քաղաք», իսկ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շաբաթ օրը ասել է, որ Կիևն ուժեղացնում է իր պաշտպանությունը և կուտակում սննդամթերք և դեղորայք:

Ավտոբուսները շարունակել են քաղաք բերել փախստականներին ծանր տուժած արվարձաններից, ասել է Կլիչկոն տեսաուղերձում՝ հավելելով. «Մենք չենք հանձնվի»։

Հարավային Մարիուպոլ նավահանգստային քաղաքը վերապրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի որակմամբ «մոլորակի ամենածանև հումանիտար աղետ», որտեղ 12 օրվա ընթացքում ավելի քան 1500 խաղաղ բնակիչ է զոհվել:

Կիևը շաբաթ օրը հայտնել է, որ ռուսական զորքերը հթիռակոծել են Մարիուպոլի մզկիթը, որտեղ ապաստանել են 80 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ։

Սակայն դա հերքել է տեղական մզկիթների ասոցիացիայից Իսմայիլ Հաջիօղլուն, ով թուրքական հեռուստատեսությանը հայտնել է, որ տարածքը ռմբակոծվել է, սակայն մզկիթը չի տուժել։

Մարիուպոլի մոտ 400,000 բնակիչների համար մարդասիրական շարասյունը, որը տեղափոխում էր սննդամթերք և բժշկական պարագաներ, շաբաթ օրը Զապորոժիեից մեկնել է հյուսիս-արևելք, հայտնել են քաղաքային իշխանությունները: Ավտոշարասյան հետ միասին այնտեղ են մենել քաղաքացիական անձանց տարհանման համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոշարասյունին կուղեկցեն ուղղափառ եկեղեցու հոգեւորականները։

Միևնույն ժամանակ, AFP-ի թղթակիցը Նիկոլայևից հայտնում է, որ հյուսիսային Ինգուլ շրջանի հիվանդանոցը կրակի տակ է ընկել, իսկ տարածքի ջեռուցումն անջատվել է, ինչի հետևանքով շատ բնակիչներ ստիպված են եղել փախչել:

Նիկոլաևը, որը ընկած է ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Օդեսա քաղաք տանող ճանապարհին, արդեն մի քանի օր ռմբակոծման տակ է։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան ներխուժումից հետո, որոնց մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախստականների վատթարագույն ճգնաժամի պայմաններում:

Քանի որ Ռուսաստանը ուժեղացնում է իր հրթիռային հարձակումներն ու ռմբակոծությունները, և Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները կարծես թե փակուղում են, իսկ Զելենսկիի կոչերը ՆԱՏՕ-ին միջամտության խնդրանքով դրանք ավելի հուսահատ են դարձնում:

Վաշինգտոնը և նրա ԵՄ դաշնակիցները միջոցներ և ռազմական օգնություն են ուղարկել Ուկրաինային, ճնշում են նրա տնտեսությանը և օլիգարխներին, իսկ մշակութային և սպորտային բոյկոտները խաթարել են Ռուսաստանը:

Այնուամենայնիվ, նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը կրկին բացառեց միջուկային զենք ունեցող Ռուսաստանի դեմ ուղղակի գործողությունները՝ նախազգուշացնելով, որ դա կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի»:

Փոխարենը Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ ավելացրեց արդեն իսկ գործողներին՝ այս անգամ դադարեցնելով Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները և հայտարարելով ռուսական հայտնի ապրանքների՝ օղու, ծովամթերքների և ադամանդների արգելքի մասին:

Իսկ իրավիճակը Մարիուպոլում շարունակում է մնալ «անհույս», ըստ MSF-ի, որտեղ մարդիկ մնացել են առանց ջրի և ջեռուցման, իսկ սննդի պաշարները սպառվում են:

Մեկ միլիոնանոց արդյունաբերական կենտրոն Դնեպրը կորցրեց անվտանգ ապաստանի իր համբավը, երբ ուրբաթ օրը երեք հրթիռ հարվածեց քաղաքի բնակելի շենքերին:

Դնեպրում ածխացած կամ ավերված շենքերի, ներառյալ կոտրված պատուհաններով մանկապարտեզի պատկերները, այժմ Խարկովից և Մարիուպոլի լուսանկարներից հետ միասին ի ցույց են դնում հակամարտության դաժանությունը:

Քաղաքացիների վրա հարձակումները ուրբաթ օրը առաջ բերեցին նախազգուշացումների նոր տարափ, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում, թեև Կրեմլը հերքում է Ուկրաինայի վրա հարձակումը՝ ասելով, որ նա սկսել է «հատուկ ռազմական գործողություն»՝ ուղղակի սպառնալիքը կասեցնելու համար:

Իր հերթական տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել ռուս մայրերին կանխել իրենց որդիներին պատերազմ ուղարկելը և ասել, որ Մոսկվան «ահռելի կորուստներ» է կրում։

ԱՄՆ-ի գնահատականներով ռուսաստանցի զինվորականների զոհերի թիվը կազմում է 2000-ից 4000, մինչդեռ անցյալ շաբաթ հրապարակված Մոսկվայի պաշտոնական տվյալներով 498 ռուս զինծառայող է զոհվել:

Օտարերկրյա վարձկաններն արդեն երկու կողմից ներգրավվվել են ուկրաինական հակամարտություն, և ուրբաթ օրը Կրեմլը ակտիվացրել էայս ուղղությամբ աշխատանքը՝ հատկապես Սիրիայից ուժեր ներգրավելու համատեքստում:

Շաբաթ օրը Զելենսկին ուկրաինացիներին հորդորել է «ամեն ինչ տալ» երկիրը պաշտպանելու համար։

«Սա պատերազմ է մեր անկախության համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG