Մատչելի հղումներ

Ուկրաինայում ռազմական գործողությունների երկրորդ օրը


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ռուսական հրթիռային հարվածները Կիևին որակել է «սարսափեցնող»

Ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է, որ մայրաքաղաքն անցել է «պաշտպանական ռեժիմի։ Տարբեր հատվածներում կրակոցներ ու պայթյուններ են լսվում։ Դիվերսանտներն արդեն մտել են Կիև»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ռուսական հրթիռային հարվածները Կիևի ուղղությամբ որակել է «սարսափեցնող»։

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Ջեյմի Դեթմերը, ով գտնվում է Ուկրաինայում, ուրբաթ առավոտյան հայտնել է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունները տեղեկացրել են Կիևի որոշ շրջաններում փոխհրաձգության մասին, սակայն զգուշացրել, որ մայրաքաղաքում և այլ քաղաքներում կարող են գործել ոչ թե կանոնավոր ռուսական ստորաբաժանումներ, այլ դիվերսիոբն խմբեր ու հատուկ ջոկատներ քաղաքացիական հագուստով:

Ավելի ուշ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Հիզեր Մերդոկը Կիևից հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները գրեթե անտեսանելի են մայրաքաղաքի կենտրոնում, սակայն քաղաքի շուրջ անցակետեր են տեղակայվել։ Միևնույն ժամանակ, ռուսական որոշ ստորաբաժանումներ արդեն մոտ են կենտրոնին: Կրակոցներ են լսվել փողոցներում։

Մինչդեռ ՌԴ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Գոստոմելի օդանավակայանը վերցվել է ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ, որոնց օգնությամբ զգալի թվով զորքեր կարող են ինքնաթիռներով տեղափոխվել դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։

Ռուսական հրամանատարության այս հայտարարությունները դեռ առանձին հաստատում չեն ստացել։ Ուկրաինայի հրամանատարությունը հայտնում է, որ օդանավակայանի մոտ կատաղի մարտեր են ընթանում։

Տեղեկություններ կան նաև Խարկովի մոտ, Դոնբասում, Խերսոնի շրջանում և այլ վայրերում մարտերի մասին։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական զորքերը հրետակոծում են ոչ միայն ռազմական օբյեկտներ, ինչպես նշում է ռուսական կողմը, այլև քաղաքացիական։ Կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում:

Ռուսական ներխուժման առաջին օրը ուկրաինացի 137 զինծառայող է զոհվել, 316-ը՝ վիրավորվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսաստանցի զինվորականների կորուստների մասին ստույգ տվյալներ դեռ չկան։

Ռուսական կողմի հարձակումը, որի վերաբերյալ մտավախություն ունեին պաշտոնական Կիևը և արևմտյան տերությունները, որակվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ռազմական ներխուժումը Եվրոպայում: Քաղաքագետները, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, մտավախություն ունեն, որ նույնիսկ ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի դեպքում, մի կողմից Ռուսաստանի և նրա արբանյակների, իսկ մյուս կողմից արևմտյան կողմնորոշում ունեցող պետությունների միջև կարող է հայտնվել «երկաթե վարագույր»:

Մինչ ռուսական բանակը Ուկրաինա է ներխուժում միանգամից մի քանի ուղղություններով, ահռելի քանակությամբ մեքենաներ են կուտակվել եվրոպական երկրների հետ Ուկրաինայի սահմանային բոլոր ճանապարհներին։

Հազարավոր ուկրաինացիներ արդեն փախստական են դարձել և հայտնվել հարևան Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Ռումինիայում։ Այս երկրների իշխանությունները ջանքեր են գործադրում փախստական ուկրաինացիներին սնունդով և ժամանակավոր կացարանով ապահովելու համար։

XS
SM
MD
LG