Տեղեկություններ կան խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին Կիևում հրավիրել է մամլո ասուլիս։ Նա կոչ է արել երկրի քաղաքացիներին համալրել զինված ուժերի շարքերը։ Զելենսկու խոսքով՝ բոլոր ուկրաինացիներից է կախված՝ արդյոք ռուսական ներխուժումը կարող կկասեցվի, թե ոչ։
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին, սահմանային անցակետերին և քաղաքների այլ կետերին։
«Ուկրաինայի շատ քաղաքներում պայթյուններ են լսվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին ուղղված ուղերձում։ – Մեր ամբողջ երկրում հայտաարված է ռազմական դրություն... Այսօր ձեզանից յուրաքանչյուրից հանգստություն է պահանջվում։ [Մեր] բանակը ակտիվ է: Անվտանգության և պաշտպանության ողջ ոլորտը շարժման մեջ է...»։
Զելենսկին կրկնել է, որ կանոնավոր բանակցություններ է վարում աշխարհի առաջատար երկրների ղեկավարների հետ։ Նրա խոսքով՝ Կիևը ձգտում է հասնել Մոսկվայի դեմ ամենակոշտ պատժամիջոցների սահմանմանը, այդ թվում՝ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է ռուսական լայնածավալ զինված ներխուժումը Ուկրաինայի տարածք։ Ըստ մի շարք աղբյուրների, այդ թվում՝ Reuters-ի, ռուսական զինված ուժերը ավիահարվածներ են հասցնում ռազմական օբյեկտներին Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում։ Հրթիռային հարվածներն ուղեկցվում են հարձակողական ցամաքային գործողությամբ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ռուսական զորքերը շարժվում են դեպի Կիև:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի երկրորդ ամենաշատ բնակեցված քաղաքի Խարկովի քաղաքապետը «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցին առավոտյան ասել է, որ քաղաքը գործնականում շրջափակված է ռուսական ստորաբաժանումներով։
Ինչ վերաբերում է Կիևում տիրող իրավիճակին, ապա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ասել է, որ մայրաքաղաքը շարունակում է մնալ ուկրաինական իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո։ Միաժամանակ նա հավելել է, որ ռուսական ավիացիայի մարտական ուղղաթիռներ են խոցվել Կիևի մերձակայքում, թեև խոցված ուղղաթիռների թիվը դեռ պարզված չէ։
The New York Times-ը հինգշաբթի հրապարակել է Ուկրաինայի իրադարձությունների քարտեզը, որտեղ, բացի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից, նշվել են առնվազն տասը տարածքներ, որտեղ գրանցվել են ռազմական գործողություններ։ Դրանք են Խարկովի, Կիևի, Լուցկի, Իվանո-Ֆրանկովսկու, Օդեսայի և Խերսոնի շրջակայքերը։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ ռուսական ուղղաթիռները հարձակվել են Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմելի օդանավակայանի վրա։ Ըստ տեսանյութի՝ խոցվել է առնվազն երկու ուղղաթիռ։ Կիևի մատույցներում ռուսական ավիացիայի թռիչքներ են գրանցվել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռի խոցման մասին՝ հավելելով, որ օդաչուն ողջ է մնացել։
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Հիզեր Մերդոկն այցելել է սահմանամերձ գյուղական շրջան, որը գտնվում է, ըստ նրա հաշվարկների, Կիևից մոտ երեք հարյուր կիլոմետր հյուսիս-արևելք: Այնտեղից մեքենայով վերադառնալով Կիև՝ նա պատմել է, որ ճանապարհին տեսել է, որ այրվել է ավտոբուս՝ ենթադրաբար հրթիռային հարձակման հետևանքով, ապա՝ այրված շենք։ Տեղական ընկերությունների և այլ ձեռնարկությունների բոլոր գրասենյակները փակ են, ճանապարհները գրեթե դատարկ։ Գյուղական բնակավայրերի փողոցներում նույնպես մարդիկ չեն երեւում։